211652_close_icon
views-count1261 դիտում article-date 22:25 22-04-2015

The New Yorker. Հիշելով Հայոց ցեղասպանությունը

The New Yorker պարբերականի հեղինակներից Րաֆֆի Խաչատրյանը ներկայացնում է ԱՄՆ-ում բնակվող հայ դեղագործի՝ Ցեղասպանության ականատես Նշանի վկայությունները և այն դժվարությունները, որոնց վերջինս հանդիպել է Հայոց ցեղասպանության ընթացքում, և ինչպես է աստղերով կողմնորոշվելով տեղափոխվել Դեյր-էզ-Զոր անապատով: Հոդվածը ներկայացնում ենք ստորև. Ապրիլի 24-ին միլիոնավոր մարդիկ աշխարհով մեկ սգալու են 100 տարի առաջ Առաջին համաշխարհայինի քաոսի ստվերում օսմանյան պաշտոնյաների ձեռքով իրականացրած հայ ժողովրդի՝ իրենց հայրենի հողում ոչնչացումը: 1915-ի քաղաքականությունը չափազանց ազդեցիկ էր. պատերազմի վերջում այն ոչնչացրել էր ժամանակակից Թուրքիայի տարածքում ապրող գրեթե յուրաքանչյուր հայի: Ի՞նչ է նշանակում «Հայոց ցեղասպանություն» եզրը: Ցանկացած բովանդակության մեջ ակնկալվում է, որ նման իրադարձությունը պետք է հանգեցնի տևական հավաքական տրավմայի: Աշխարհով մեկ սփռված շատ հայերի համար այդ տրավման համալրվում է նաև պաշտոնական ճանաչման և հաշտեցման բացակայությամբ: Առ այսօր թուրքական պետությունը հերքում է, որ տեղի են ունեցել համակարգված ոչնչացումներ: Եվ հայերը շարունակում են պայքարել պաշտոնական ժխտողականության դեմ: Տասնամյակներ առաջ The New Yorker-ը հրապարակել էր Վիլիամ Սարոյանի «Մենամարտ» պատմվածքը, որը խնդրի լուծման հետևյալ միջոցն է առաջարկում. պատանի մի ամերիկահայ որոշում է աշխարհում երբևէ որևէ թուրք տեսնելու պահին թեքել իր հայացքը, այդպիսով նա կազատի իրեն այս անվերջ մենամարտում պայքարելու անհրաժեշտությունից: Սակայն, իհարկե, դա չի կարող ամոքել Ցեղասպանության թողած սպիերը: Ինչպես Ֆրանցիսկոս Պապն էր նշել 1915-ին նվիրված արարողությանը. «Չարիքը թաքցնելը կամ հերքելը նման է նրան, որ թույլ տան վերքն անվերջ արնահոսի՝ առանց այն վիրակապելու»: Սակայն վերջերս լավատեսության նշույլ կար: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում արդեն հնարավոր է գործածել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը առանց որևէ քրեական հետապնդման: Գնալով շատացող ազատամիտ թուրքերի քանակը մարտահրավեր է նետում հին տաբուին, իսկ Թուրքիայում ապրող շատ քրդեր այժմ մեղքի զգացումով են խոսում կոտորածներում իրենց նախնիների մասնակցության մասին: Որոշ քաղաքներում նույնիսկ հաշտեցման փորձեր են իրականացվում: Մեկ կամ երկու տասնամյակից հայերին ոչնչացնելու ժխտողականության փորձերը Թուրքիայում կարող են անտանելի դառնալ: Նախնիներս օսմանյան հայեր էին. մայրական կողմս Ստամբուլից և Մալաթիայից էր, հայրական կողմս՝ Դիարբեքիր քաղաքից: Տարվա սկզբին The New Yorker-ում հրապարակված «Լռության դար» հոդվածում ես գրում էի Դիարբեքիրում փրկված ընտանիքիս մասին: Դիարբեքիրի մարդիկ ոգևորել են ինձ՝ զգալու, որ ես պատկանում եմ այդ վայրին: Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ես մի երազանք ունեմ. Անկարայի փոքր փողոցներից մեկը պետք է վերանվանվի: Տասնամյակներ շարունակ Բուսաբանական այգու հարակից փողոցներից մեկը կոչվել է 1915-ին Դիարբեքիրում օսմանյան նահանգապետի՝ դոկտոր Մեհմեդ Ռեշիդի պատվին: Սա վիրավորական է թե՛ թուրքերի, թե՛ հայերի համար: Ռեշիդը չերքեզ էր, ծնվել էր 1873 թվականին Ռուսաստանում: Նա մեկ տարեկան էր, երբ ցարական իշխանությունների կողմից մահմեդականների հետապնդումներից դրդված՝ նրա ընտանիքը բնակություն է հաստատում Օսմանյան կայսրությունում: «Օսմանյան տարրը կորչում է: Օսմանյան հողը վերանում է մաս առ մաս: Մենք ականատեսն ենք այս ամենի և գիտենք՝ ովքեր են մեղավորները»: Ռեշիդը հայերին դիտարկում էր որպես վնասակար «մանրէների»: Մի առիթով անգամ պարծեցել է, որ տարածաշրջանից տեղահանել էր 120.000 հայերի: Այն բռնությունը, որ իր հետ բերել էր Ռեշիդը Դիարբեքիր նահանգի վրա, աննկարագրելի էր: Նա վերացնում էր բոլոր այն պաշտոնյաներին, որոնք հրաժարվում էին իրականացնել ցեղասպանական «կանոնակարգը»: 1915 թվականի մայիսին Մարդին շրջանի կառավարիչն ասել էր նրան. «Ես ոչինչ չունեմ Մարդինի քրիստոնյաների դեմ: Ես անխիղճ չեմ և չեմ իրականացնի այդ հրամանները»: Երկու այլ պաշտոնյաներ, որոնք նույնպես հրաժարվել էին, սպանվել են: Պատերազմից հետո, երբ մի թուրք լրագրող գտել էր Ռեշիդին և հարցրել նրան ոչնչացումների և զանգվածային սպանությունների մասին, նա սպառնացել էր անավարտ թողնել հարցազրույցը: «Այդ ամենը հերյուրանք է: Մի՞թե թերթերը զրպարտության աղբյուր չեն»: Ես երբեք չեմ հանդիպել հայրական պապիկիս, նա մահացել էր ծնունդիցս առաջ: Ես չեմ հանդիպել նաև մայրական պապիկիս: Սակայն Քուինսում մի տարեց դեղագործ էր բնակվում, Դիարբեքիրից էր, անունը՝ Նշան Թսուսյան: Նա օգնել էր հայրիկիս գաղթել Նյու Յորք: Նշանն ինձ պապիկիս էր փոխարինում: Նա օրերով մնում էր մեր տանը, զբոսնում էր ինձ և քրոջս հետ: Հաճախ էր մեզ համար Բրիտաննիկա հանրագիտարանն ընթերցում: Մեր տանը նրա ներկայությունը հասարակ, սովորական մի բան էր: Պրն. Նշանը հանգիստ և զուսպ մարդ էր, որին, կարծես, չէր դիպչել դաժանությունը: Անցյալ տարի հայրական տանս հին նկարներով լցված մի ճամպրուկում ես գտա նրա 1915-ի լուսանկարը, որում նա Լիբանանից արևելք գտնվող Տրիպոլի քաղաքում էր: Նշանը կանգնած էր կենտրոնում. իմ ճանաչած Նշանից ավելի երիտասարդ էր, կյանքով ավելի լեցուն: Այդ լուսանկարը գտնելուն պես հայրս ինձ ցույց տվեց 7 էջանոց տպագրված մի հուշ, որն անգլերենով գրել էր Նշանը: «Փախչելով թուրքերից». այդպես էր կոչվում հուշերով լի փաստաթուղթը: Ապրիլի 24-ը շատ մարդկանց համար մեծ նշանակություն ունի, սակայն ինձ համար… ես հույս ունեմ, որ հիշատակման արարողությունը ներառելու է այս 7 էջանոց հուշի առաջին ընթերցումը: Նշանն իր 9 եղբայրներից և քույրերից ամենափոքրն էր: Մեծացել էր Դիարբեքիր քաղաքի կենտրոնում: Նշանի գրառումները սկսվում են 1912 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելու մասին հուշերով: 1914 թվականին սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, մի քանի ամսից այրում են նրա հոր խանութը. այդպես են վարվում հարյուրավոր հայ գործարարների համատիրությունների հետ: 1915 թվականի մարտին Դիարբեքիրի նահանգապետ է դառնում Ռեշիդը՝ փոխարինելով ավելի հանդուրժող նահանգապետին. հայերի հանդեպ սկսվում են ահաբեկչական գործողությունները: Նշանի քույրերի և եղբայրների մի մասը գաղթել էր, բայց 3 եղբայրներն ու երկու քույրերը մնացել էին: Նրա եղբայրներից Հակոբին շուտով սպանում են, Վահանին՝ զորակոչում օսմանյան բանակ, ապա գումարի դիմաց՝ ազատում, իսկ հետագայում ատրճանակ պահելու պատրվակով՝ ձերբակալում: Նրա եղբոր Տիգրանին բանտարկել էին քաղաքական կուսակցությանը հարելու համար: Այդ տարի մահացել էր նշանի 84-ամյա հայրը: Երկու ամսից տիֆից մահանում է նրա մայրը: Հետագայում Նշանը կգրեր մոր մահվան մասին. «Թաղման արարողակարգի ժամանակ ես մենակ էի»: Սկսվեցին մարդկանց զանգվածային տեղահանումները դեպի Արաբիա: Ներքին գործերի նախարարը մեկ անգամ ասել էր Ամերիկայի դեսպանին. «Անատոլիայում չպետք է հայեր մնան: Նրանք կարող են ապրել միայն անապատում»: Հունիսին թուրք պաշտոնաները ժամանում են Նշանի տուն և կարգադրում ընտանիքին հավաքվել. նրանք պետք է ուղևորվեին դեպի հարավ: Նրա եղբայր Տիգրանն այդ ժամանակ արդեն դուրս էր եկել բանտից և կարող էր միանալ ընտանիքին: Նշանին ուղարկել էին Ուրֆա, ապա Հալեպ, որտեղի էլ՝ սիրիական Դեր Զոր անապատ: Նրանց ուղեկցող պահակախումբը բաղկացած էր չերքեզներից և քրդերից: Հայերի քանակը հասնում էր 300-ի: Տիգրանին շուտով սպանում են: Նշանի հուշերում դրան նվիրված ընդամենը մեկ նախադասություն կար. «Դժգոհ չերքեզ ոստիկանը 3-4 քրդերի հետ մեկտեղ դանակահարել են նրան ճանապարհից անդին»: Ուրֆայի ճանապարհին պահակախումբը կանգ էր առել Սատանի հովիտ կոչվող վայրում, որտեղ Նշանը գրել էր. «Նրանք հավաքեցին 7 մարդու և սպանեցին նրանց»: Կարաչադաղ կոչվող գյուղում նա տեսավ հրացանով մի ոստիկանի, որին միացել էին մարդկանց տները դատարկող մտրակներով տղամարդիկ: Մարդկանցից մեկը մի աղջկա էր ծեծում, որը փորձում էր սթափեցնել իր ուշագնաց եղած մորը: «Մի մղոն շառավղով ցրված էին հազարավոր կրակված մարմինները», – գրում էր Նշանը: Պահակախումբը շարունակում էր իր ուղին՝ իր հետևից թողնելով հիվանդ կանանցով և երեխաներով լցված արահետ: Ճանապարհին չերքեզներից մեկը պատրաստվում էր սպանել 6 տղաների. Նշանը նրանցից մեկն էր: Հետագայում իր տված հարցազրույցում Նշանը պատմել էր. «Մինչ մյուս տղաները ողորմություն էին խնդրում, ես ապշահար պատկերացնում էի՝ ինչպես էր դանակը մտնելու մարմինս»: Կանանցից ոմանք միջամտեցին. «Նրանք որոշ գումար հավաքեցին, և ժանդարմները հանգստացան»: Վերցնելով գումարը և 12-ամյա մի աղջկա՝ չերքեզները հեծնեցին իրենց ձիերը և անհետացան: Ուրֆայից, իր պես տեղահանվածների հետ, Նշանը Հալեպ գնացող գնացք նստեց: Նա այնտեղ գտել էր իր բարեկամներին և մեկ ամիս թաքուն այնտեղ էր ապրում, մինչև նրան չհայտնաբերեցին և ուղարկեցին Դեր Զոր: Եփրատի երկայնքով շարժվող գաղթականների խումբը հասել էր 500 մարդու: Մի քանի օր քայլելուց հետո նրանք հասան Աբուհարար կոչվող մի ճամբար, որտեղ Նշանը կգրեր. «Սով էր: Ոտքերի վրա կանգնել չկարողացող մարդկանց հավաքում էին մի շարքում և սպասում նրանց մահվանը»: Նշանն այնտեղ հանդիպում է իր եղբոր ընկերոջը, և երիտասարդները որոշում են փախչել. «Դեր Զորը մահ է նշանակում»: Տղաները պետք է ճամբարից դուրս հանդիպեին. «Առաջինը ես եմ դուրս եկել, մի սյան մոտ որոշ ժամանակ սպասում էին նրան: Ընկերս այդպես էլ չհայտնվեց», գրում էր Նշանը: Միայնակ, առաջնորդվելով աստղերի դիրքով՝ Նշանն անցավ անապատը՝ կանգ առնելով 4 կետերում: «Առաջին կանգառում ինձ մի արաբ հովիվ թալանեց: Հաջորդ օրը մի լավ արաբ տարավ ինձ իր վրան, կերակրեց ինձ և ցույց տվեց ճիշտ ուղին: Երրորդ անգամ ինձ բռնեցին երկու ոստիկաններ: Նրանք կարող էին սպանել ինձ, սակայն բաց թողեցին: Ապա ես հայտնվեցին մի հարթավայրում, թաքնվելու տեղ էլ չկար»: Ինչ-որ բարի գյուղացիներ ինձ իրենց տուն են տարել. «Ես մի օր քնեցի այնտեղ և պատրաստ էի ճանապարհ ընկնել, երբ մութ էր: Առավոտյան ես հանդիպեցի Հալեպ մեկնող քարավանին: Նրանց միանալու թույլտվություն հարցրի: Այդպես ես Հալեպ հասա»: Իր հուշերի վերջին բառերը հետևյալն էին. «Ինձանից 3 օր պահանջվեց վերականգնվելու համար: Փորձությունն այլևս անցյալում էր: Այսպես է ավարտվում Ոդիսականս»: Իր հուշագրի վերջին էջը Նշանը նվիրում է ընտանեկան լուսանկարին՝ 1915 թվականը սեղմ տեղավորելով մի քանի տողում. Հայրս և նրա երկրորդ ընտանիքը. 1915 թվական Անունները նշված են ձախից՝ աջ. երկու երեխաներն անանուն են Առաջին շարքում՝ Եղբարս՝ Վահանը. սպանվել է Հայրս – ձեր պապիկը, 84 տարեկան Մայրս- ձեր պապիկի որկրորդ կինը Քույրս՝ Մինան Ես եմ՝ Նշանս, 16 տարեկան Հետևի շարք. Պողոսը՝ Մինայի ամուսինը Հակոբը՝ Մինուշի ամուսինը, սպանվել է Հակոբը՝ մականունը Պոպո, ձեր հորեղբայրը. սպանվել է Բարձրահասակ էր, շիկահեր, կապուտաչյա Հովսեփը՝ հորեղբայրս. սպանվել է

Նմանատիպ նյութեր