Բանակի հրամկազմի խնդիրն է առաջիկա օրերին ամենայն աչալրջությամբ եւ զգոնությամբ հետեւել հակառակորդի գործողություններին.Սեյրան Օհանյան
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ապրիլի 21-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին հեռահաղորդակցության միջոցների եւ տեսակապի շնորհիվ ներգրավված է եղել նաեւ բանակային զորամիավորումների եւ պաշտպանության բանակի հրամկազմը:
Խորհրդակցությունը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում ազգային բանակում իրականացվող տարաբնույթ միջոցառումների, զգոնության բարձրացման խնդիրների, վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագծում տիրող օպերատիվ իրավիճակի քննարկմանը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:
Ներկայացնելով խորհրդակցության աշխատանքային օրակարգը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խիստ կարեւորել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում զինանձնակազմի զգոնության բարձրացմանն ուղղված միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը՝ մատնանշելով հայոց բանակի բացառիկ դերը՝ որպես հայ ժողովրդի անվտանգության ապահովման եւ Հայոց ցեղասպանության նման դաժան ոճրագործությունների կանխարգելման երաշխավոր:
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկաների ուշադրությունը առանձնակի հրավիրել է այն հանգամանքի վրա, որ սովորաբար հիշատակի եւ տոնական օրերին հակառակորդը դրսեւորում է աննախադեպ լարվածություն, ուստի բանակի հրամկազմի խնդիրն է առաջիկա օրերին ամենայն աչալրջությամբ եւ զգոնությամբ հետեւել հակառակորդի գործողություններին:
Վերը նշված հարցերի վերաբերյալ տեսակապի միջոցով կարճ զեկույցներ են ներկայացրել բանակային զորամիավորումների հրամանատարները, ինչպես նաեւ հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում՝ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Պատասխանելով պաշտպանության նախարարի հարցադրումներին՝ զեկուցողները փաստել են, որ իրենց ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներն արդեն անցել են ամառային ռեժիմի, համաձայն ուսումնական պլանի՝ շարունակվում են գործնական ու տեսական պարապմունքներն ու մասնագիտացված դասընթացները: Այս ամենից զատ՝ զորամասերը լայնորեն ներգրավված են Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը միտված միջոցառումներին՝ սերտորեն համագործակցելով նաեւ դպրոցների եւ ԲՈՒՀ-երի հետ:
Խորհրդակցության ավարտին եզրափակիչ ուղերձով հանդես է եկել Սեյրան Օհանյանը՝ եւս մեկ անգամ ընդգծելով Հայոց բանակի ներգրավվածության անհրաժեշտությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում անցկացվող միջոցառումներին: Ըստ այդմ՝ պաշտպանության նախարարի կողմից տրվել են մի շարք ցուցումներ եւ հանձնարարականներ: