1149 դիտում
18:23 19-04-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Ժնևում
Ապրիլի 16-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Ժնևի հայտնի «Շատո դը Պանտ» թանգարանում կայացավ «Շվեյցարիա-Հայաստան. Հիշողության ճանապարհին» ցուցահանդեսի բացման արարողությունը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին դեսպաններ, Շվեյցարիայի հասարակական-քաղաքական գործիչներ, տեղական իշխանության մարմինների ղեկավարներ, տարբեր պարբերականների խմբագիրներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Շվեյցարիայի հայկական հիմնադրամների օժանդակությամբ կազմակերպված ցուցահանդեսը ներկայացնում էր Ցեղասպանությունից հետո Հունաստանի Սալոնիկ քաղաքում ապաստան գտած Կալֆայան ընտանիքի երեք սերունդների կողմից ձեռք բերված 14-ից 19-րդ դարերի հայ արվեստի և արհեստագործության եզակի և թանկարժեք նմուշները:
Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը նախորդեց մամլո ասուլիս՝ շվեյցարական թանգարան-ինստիտուտի տնօրենի, Կալֆայան ընտանիքի ներկայացուցիչների, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանի մասնակցությամբ: Շվեյցարական լրատվամիջոցների ուշադրությանը ներկայացվեց ցուցահանդեսի ընդհանուր գաղափարը` ցուցադրել Արևմտյան Հայաստանի աշխարհիկ և կրոնական կյանքի հարուստ մշակութային ժառանգությունը՝ պատմական հիշողության պահպանման նպատակով: Լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Սիրիայում հայ մշակութային հարուստ ժառանգության պահպանման խնդիրներին, հայկական եկեղեցիների, այդ թվում նաև` Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավիրմանը: Ընդգծվեց, որ հատկապես վերջին տարիների ընթացքում համամարդկային մշակութային ժառանգության տարբեր բարձրակարգ նմուշները հաճախ հայտնվում են տարբեր բարբարոսների պատանդի կարգավիճակում, հիշատակվեց Նոր Ջուղայում հայկական հազարավոր խաչքարների վայրենաբար ոչնչացումը:
Բացման խոսքով հանդես եկավ Հասմիկ Տոլմաջյանն, ով անդրադարձավ հայ-շվեյցարական ավանդական բարեկամական կապերին, երախտագիտություն հայտնեց Շվեյցարիային և շվեյացարացի ժողովրդին Ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած մեծ համերաշխության, հազարավոր մազապուրծ հայերին օգնության ձեռք մեկնելու և ապաստան տալու համար, ընդգծեց հիշողության և սեփական պատմության հետ առերեսվելու կարևորությունը ժողովուրդների հաշտեցման և խաղաղ ապագայի համար:
Շվեյցարիայում առաջին անգամ ցուցադրվող ճենապակյա և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, ձեռագիր մատյանները, կրոնական արվեստի, ձեռագործության բարձրարվեստ նմուշներն ու զարդերը խոսուն վկայությունն են արևմտահայության զարգացած քաղաքային կյանքի և հարուստ կենցաղի, քաղաքակրթությունների և կրոնների խաչմերուկում գտնվող Հայաստանի ակտիվ մշակութային կապերի:
Թանգարանում ցուցադրությունը կգործի մինչև ս/թ. սեպտեմբերի 20-ը:
Նմանատիպ նյութեր
936 դիտում
18:32 17-09-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Ժնևում
1001 դիտում
22:12 01-12-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Ժնևում
Այս բաժնից
967 դիտում
22:14 16-01-2025
Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու վճարի արտոնություն
697 դիտում
21:43 16-01-2025
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավարի հետ
784 դիտում
21:30 16-01-2025
Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել