211652_close_icon
views-count3276 դիտում article-date 14:46 15-04-2015

Քիմ Քարդաշյանն ու Ֆրանցիսկոս Պապը` PR աղետ Թուրքիայի համար. International Business Times

Դոկտոր Սայմոն Հեֆֆերը հայտնի բրիտանացի մեկնաբան և սյունակագիր է: Նա գրում է այնպիսի պարբերականների համար, ինչպիսիք են The Daily Mail-ը, The Daily Telegraph-ը, The Spectator-ը և The New Statesman-ը: International Business Times պարբերականը հրապարակել է բրիտանացի հեղինակի հոդվածը՝«Քիմ Քարդաշյանն ու Ֆրանցիսկոս Պապը` PR աղետ Թուրքիայի համար» վերնագրով: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև. «Որոշ երկրներ այնքան են հիասթափված Հոլոքոսթը հերքողներից, որ հերքումը հավասարեցնում են հանցագործության: Կոչեր են եղել նույնն անել նաև Բրիտանիայում, բարեբախտաբար, մենք խուսափել ենք հիմարների խոսքի ազատության հանդեպ նման ծանրակշիռ և ցուցադրական մոտեցումից: Մենք ապուշ ենք համարում այն մարդկանց, որոնք հերքում են նացիստական ցեղասպանությունը : Դժբախտաբար, չկա որևէ կինոխրոնիկա, որը ցույց կտար՝ ինչ էր տեղի ունեցել հայերի հետ մեկ դար առաջ. այդպես մենք կարող էինք համեմատել տեսածը Աուշվիցի, Բելսենի և նացիստական մահվան այլ ճամբարներում մեր տեսածի հետ: Այդ պատճառով էլ թուրքերն առ այսօր վիճարկում են, որ իրենց օսմանյան նախնիների՝ 1915 թվականին հայերի հանդեպ իրականացրածը ցեղասպանություն էր: Հերքման 100 տարի Հայերի համար դա իրենց Հոլոքոսթն է. երբ մի ամբողջ ազգ հերքում է դրա եղելությունը, ապա այդ հերքումն իսկապես մեծամասշտաբ և ահռելի է: Պատկերացրե՛ք հրեաներին, եթե ներկայիս գերմանական հանրապետությունը (ոչ թե հոգեպես խախտված հակասեմիտական խմբերը), ասեր որ հրեաների հանդեպ որևէ ցեղասպանություն տեղի չէր ունեցել, այն էլ՝ գերմանացիներով ղեկավարած. այդ դեպքում կհասկանաք՝ ինչ են հայերը և նրանց համակրողները զգում Թուրքիայի՝ մի երկրի հանդեպ, որը տոնում է հերքման 100-ամյակը: Եւ եռակի կեցցե Ֆրանցիսկոս պապը, որն ապրիլի 12-ին թուրքերի կողմից հայերի հանդեպ իրականացրածը «ցեղասպանություն» է կոչել՝ իմանալով, որ այդ բառը զայրացնելու է թուրքերին: Թուրքերը ոչ միայն հերքում են տեղի ունեցածը, այլև պնդում, որ իրենք են եղել հայերի դաժան վերաբերմունքի զոհը: Ըստ պատմաբանների համաձայնության՝ սպանվել է 1.5 մլն հայ: Շատ երկրներ դա ցեղասպանություն են կոչել: Նույնն արել էր նաև Հովհաննես Պողոս II Պապը՝ ըստ 2001 թվականի իր հայտարարության: Ֆրանցիսկոս Պապը որոշել էր մեջբերել իր նախորդին, ինչը հիասթափեցրել է թուրքերին, որոնք անմիջապես հետ են կանչել Վատիկանից իրենց դեսպանին և պահանջել Վատիկանում իրենց ներկայացուցչից գալ Անկարա և բացատրություն տալ: Սբ. Պետրոս տաճարում հիշատակման արարողության ընթացքում հղում անելով զանգվածային սպանություններին՝ Ֆրանցիսկոսն ասաց. «Մենք հիշատակում ենք այդ ողբերգական իրադարձության 100-րդ տարելիցը, այդ հսկայական և իմաստազուրկ ջարդի, որը ստիպված էին տանել ձեր նախնիները: Անհրաժեշտություն և պարտք է պատվել նրանց հիշողությունը, քանզի երբ հիշողությունը մարում է, դա նշանակում է, որ չարիքը թույլ է տալիս, որ վերքերը թարախակալեն»: Թուրքիան դեռևս հեռու է իր պատմական մեղքը ճանաչելուց: Երկրի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ում անդրադարձել է Ֆրանցիսկոսի հայտարարությունը որպես «իրավական և պատմական իրականությունից հեռու բան» և ասել, որ Պապը «անհիմն պդնումներով արհամարհանք և ատելություն էր հրահրում»: Սա, կարծես թե, մեկ քայլ հետ լինի 2014 թվականին այդ ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից, երբ նա ցավակցություն էր հայտնել կոտորված հայերի ներկայիս ժառանգներին: Թուրքիան ոչ միայն պնդում է, որ հայերի սպանությունները պայմանավորված էին Առաջին համաշխարհայինի տարիների ճակատամարտերով, որտեղ նաև բազմաթիվ թուրքեր են սպանվել, այլև ասում է, որ մահացածների քանակը, ըստ պատմական համաձայնության, չափազանցություն է: Ապուշ դիրքորոշում Թուրքիան դեռևս շարունակում է իր անխնա լոբբիստական գործողությունները՝ փորձելով համոզել այլ ազգերին «ցեղասպանություն» չկոչել 1915-1916 թվականներին հայերի հետ կատարվածը, սակայն շատ երկրների դեպքում այն անհաջողության է մատնվում: Ամերիկան պաշտոնապես չի գործածում այդ եզրը, ոչ թե որովհետև չի հավատում, որ ցեղասպանություն էր տեղի ունեցել, այլ որովհետև չի ցանկանում վիրավորել Մերձավոր Արևելքում իր համար այդքան կարևոր դաշնակցին, երբ տարածաշրջանի մնացած երկրներն այդքան անհանգիստ և թշնամական են տրամադրված իր հանդեպ: Հայաստանն ապրիլի 24-ին հիշատակման պաշտոնական արարողություն է կազմակերպում: Անցյալ շաբաթ Քիմ Քարդաշյանն ու նրա քույրը՝ Քլոեն, Երևանում հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերին. ողջ ներկայացումը ցուցադրվելու է քույրերի ռեալիթի շոուի շրջանակներում, այնպես որ եթե այնտեղ որևէ մեկը դեռ տեղյակ չէ այդ ոճրագործությունից, ապա շուտով կտեղեկանա: Քարդաշյանների և Հռոմի Պապի համադրությունը PR աղետ է Թուրքիայի համար այն ժամանակ, երբ այն բոլոր առումներով փորձում է ներկայացնել իրեն որպես քաղաքակիրթ ժողովուրդների ընտանիքի պատասխանատու և առաջադեմ անդամ: Եթե Ձեր հետաքրքրությունը շարժել են Քարդաշյանները կամ Ֆրանցիսկոս Պապը, կարող եք համացանցում որոնել և գտնել ոչ միայն թուրքերի անհամար արձանագրությունները, որոնցում պատկերված է՝ ինչպես են խաչում հայերին՝ մահմեդական կայրությունում ապրող քրիստոնյաներին, այլև որոշ վայրագությունների լուսանկարներ, այդ թվում՝ հայերի կախաղանների շարք, դժվար թե այդ տղամարդիկ սպանվել են ճակատամարտերի ամենաթեժ պահին: Փաստագրված է նաև, որ Օսմանյան կառավարությունը 1914 թվականի վերջին ազատ է արձակել դաժան հանցագործությունների համար բանտարկվածներին, հատուկ ջոկատներ կազմել և ուղևորել հայաշատ տարածքներում՝ սրի հանելու տեղի բնակչությանը: Վերապատրաստված մարդասպաններին ասում էին, որ հայերը Ռուսաստանի հետ համագործակցում են ընդդեմ Թուրքիայի: Հայ մտավորականներին ձերբակալում էին և նախքան գնդակահարությունը՝ տանջանքների ենթարկում: Ամենուր տիրում էին զանգվածային տեղահանումներն ու սպանությունները: Հազարավոր դիակների նետում էին կիրճերը, իսկ կենդանի մարդկանց՝ ցած նետում ժայռերից: Այդ ամենը, կարծես, նմուշ էր ծառայել Հիտլերի համար: Եթե Թուրքիան չի տեսնում՝ որքան ապուշ իրավիճակում է հայտվել իր ազգը՝ այսօր էլ շարունակելով հերքել այդ դաժանությունները, ապա ի դժբախտություն այդ երկրի՝ այն դժվար երբևէ միանա քաղաքակիրթ աշխարհին: Տեղի ունեցածից քաջատեղյակ շատ թուրքեր ամաչում են երկրի ղեկավարների հիմար դիրքորոշման համար: Հարյուրերորդ տարելիցը, թվում է, հիանալի պահ է պատմական մեղքի ընդունման և ներողության համար: Եւ այս անգամ նմուշ կարող է ծառայել Գերմանիան»: armeniangenocide100.org

Նմանատիպ նյութեր