211652_close_icon
views-count1390 դիտում article-date 14:15 15-04-2015

Սրտանոթային հիվանդությունների թիվն ավելացել է. Արմեն Մուրադյան

Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախաձեռնությամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մեծ դահլիճում մեկնարկեց «Սրտանոթային հիվանդությունների պաթոգենեզի, ախտորոշման, բուժման և կանխարգելման տարբեր հարցեր» խորագրով 10-րդ հոբելյանական երկօրյա վեհաժողովը, որի բացմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Յուրաքանչյուր առողջապահական համակարգ, իր առջև դնելով բարեկեցություն և երկարակեցություն ապահովելու նպատակ, միաժամանակ պետք է կարողա վերլուծելով հիմնական խնդիրները, զարկ տալ այն ուղղություններին, որոնք առավել կարևոր են»,- ողջունելով վեհաժողովի մասնակիցներին և ՀՀ ԳԱԱ նախագահին` նշեց ՀՀ առողջապահության նախարարը: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բնակչության մահացության 80%-ը պայմանավորված է 3 առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններով, որոնց թվում առաջին տեղում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, և կազմում են 48%։ Բավական է ասել, որ արյան շրջանառության համակարգի հիվանդությունների առաջնակի դեպքերը 1990 թվականի համեմատ աճել են 70%-ով։ «Պետք է ասեմ, որ վերջին 25 տարիներին սրտանոթային հիվանդությունների թիվն ավելացել է, և սա լուրջ մարտահրավեր է ոչ միայն մեր առողջապահական համակարգի, այլ նաև ամբողջ աշխարհի համար: Այդ քննությունը անցել են մեր փառավոր սրտաբանները: Հպարտությամբ պետք է նշեմ, որ սրտաբանությունը մեր երկրում մեծ քայլերով զարգացավ վերջին տասնամյակներում, ու այսօր կարող ենք արձանագրել այս ոլորտում ապահովածություն, ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ ինվազիվ, ինտերվենցիոն ուղղություններով»,- ասաց Արմեն Մուրադյանը` ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և մահացության դեպքերը նվազեցնելու նպատակով իրականացվող ծրագրերը: Նախարարը կարևորեց սոցիալական փաթեթի շահառուների համար կանխարգելիչ բժշկական քննության և Համաշխարհային բանկի հետ առաջին անգամ երեք ուղղություններով իրականացվող լայնամասշտաբ սկրինինգային ծրագրերը: «Մեր կողմից իրականացվող նոր ծրագրերում կարևոր տեղ ունի 2015 թվականին հունվարի 1-ից մեկնարկած, հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթ հանդիսացող սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որից արդեն օգտվել է 450 քաղաքացի: Ծրագիրը լայն արձագանք է ստացել բնակչության շրջանում»,- ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարը` հավելելով, որ առանց վարժ, պատրաստված և միջազգային մտածելակերպ ունեցող սրտաբանների անհնար էր ապահովել սրտաբանության նման զարգացում մեր երկրում: Նախարարը վեհաժողովի մասնակիցներին մաղթեց արդյունավետ, արգասաբեր աշխատանք և նորանոր հաջողություններ: «Մաղթում եմ քաջառողջություն, քանի որ ձեր սրտի զարկերի հաշվին այլոց զարկերն եք երկարացնում»,- հավելեց նա: Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանն անդրադարձավ Հայաստանում սրտաբանության ոլորտում գրանցած հաջողութուններին: «Քսան տարի առաջ մենք ձեռնարկեցինք ապացուցողական սրտաբանության վերաբերյալ մատենաշար և առաջնային օղակին ներկայացրեցինք չորս հատոր, մեր խոստումը իրականացնելով` այսօր ձեզ ենք հանձնում հինգերորդ հատորը»,- հայտնեց սրտաբանը: Հետադարձ հայացք նետելով կատարված աշխատանքին` նա նշեց, որ 1980-ականներից հայ սրտաբաններն առաջին անգամ սկսեցին մասնակցել միջազգային համագումարների, հանդես գալ արժեքավոր զեկույցներով: Կազմակերպիչների գնահատմամբ` նման միջոցառումներն ուղղված են առողջապահական խնդիրներին համակարգված և համագործակցային մոտեցմանը, բժիշկների և հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանը, մի շարք ստվերային խնդիրների լուսաբանմանը, բժշկական ծառայության որակի բարձրացմանը:

Նմանատիպ նյութեր