211652_close_icon
views-count615 դիտում article-date 20:30 14-04-2015

Դպրոցներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն սկսվել են հունվարից. Ա. Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Հուշ երեկոն կրել է ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական միջոցառումների "Հիշում և պահանջում ենք" խորագիրը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի ավագանու անդամներ, հայտնի մշակույթի գործիչներ, աշակերտներ և ծնողներ: Ցերեկույթից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում նշել է, որ հանրապետության դպրոցներում ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներն սկսվել են հունվարից և շարունակվելու են մինչև դեկտեմբեր. " Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում անցյալ շաբաթ դպրոցականները պատրաստեցին անմոռուկներ: Դրանք փոխանցվելու են միջոցառումներն համակարգող պետական հանձնաժողովին, որպեսզի բաժանվեն ապրիլի 24-ին Երևան այցելած հյուրերին: Ծրագրով ավագ դպրոցներում նախատեսված են նաև բաց դասեր՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դրույթների քննարկմանը: Մինչև տարվա վերջ կկազմակերպվեն նաև շարադրությունների և նկարչական մրցույթներ, ինչպես նաև գեղարվեստական հուշ-երեկոներ: Նման միջոցառումները հաշվետվության նպատակով չեն արվում, դրանք ունեն դաստիարակչական նշանակություն և առաջին հերթին դպրոցականների համար են: Վստահ եմ՝ բեմից իրենց բաժին ընկած հատվածն արտասանող երեխաները նույն տողերը հիշելու են նաև կյանքի հասուն տարիներին՝ այն գիտակցմամբ, որ իրենք եղել են պետական միջոցառումների մի մասնիկը ",- իր խոսքում նշել է նախարարը և հավելել, որ տարվա ընթացքում այցելություններ են լինելու նաև այլ դպրոցներ:

Նմանատիպ նյութեր