211652_close_icon
views-count1110 դիտում article-date 09:27 14-04-2015

Նիդերլանդների Արնեմ քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառում

Ապրիլի 11-ին Նիդերլանդների Արնեմ քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառում, որը կազմակերպել էին Գերդերլանդի հայ կանանց միությունը, Արնեմի հայ երիտասարդների միությունը և Արնեմի Հայ առաքելական եկեղեցին` Նիդերլանդներում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Կազմակերպիչների անունից ելույթներ ունեցան Մանուշակ Օհանեսյանը, Մինաս Արսենյանը և Ալիս Թովմասյանը: Միջոցառման մասնակիցներին իր խոսքն ուղղեց Նիդրելանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով կոչ արեց համախմբման ու համբերատարության: Դեսպանը մասնավորապես նշեց. «Մենք պահանջ ունենք` արդարության պահանջ, որը մեր համախումբ ջանքերն է պահանջելու, մեր համառությունն ու համբերատարությունն է պահանջելու` մեր անհողդողդ պայքարն առաջ տանելու, որպեսզի վերջ դրվի անպատժելիությանը, ինչը շարունակվում է սնվել մերժողական գաղափարներով, քաղաքական նպատակահարմարությամբ, բացառապես տնտեսական ու ռազմավարական շահերով առաջնորդվող իշխանություններով, որոնք, իրենց մարդու իրավունքների պաշտպանության ջատագովներ հայտարարելով հանդերձ, քաղաքական քաջությունը չունեն` հանցագործությունն իր անունով կոչելու, այն լիովին դատապարտելու, մի հանգամանք, որը խանգարում է ցեղասպանության կանխարգելման միջազգային հանձնառությունը լիարժեքորեն իրականացնելու»: Ոգեկոչման միջոցառմանը կատարվեց հոգեհանգստյան կարգ: Մասնակիցները 100 մոմ վառեցին` ի նշան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի: Ներկայացվեցին հատվածներ 1983-1985թթ. Նիդերլանդների հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված «Բաբելոնի աշտարակ» հաղորդաշարից, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանությանը: Երաժշտական համարներ կատարվեցին «Նավասարդ» երգչախմբի կողմից, Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործությունների արտասանությամբ հանդես եկան «Նոր այգ» կիրակնօրյա դպրոցի սաները:

Նմանատիպ նյութեր