211652_close_icon
views-count972 դիտում article-date 22:30 13-04-2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Ֆինլանդիայում

Ապրիլի 11-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի «Տամպերե» սրահում` սկանդինավյան երկրներում ամենամեծ համերգասրահում, տեղի ունեցավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ բացելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային շրջագայությունը։ Դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ և գերմանացի անվանի ջութակահար Իզաբել Ֆաուստի մենակատարությամբ ընթացած «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով համերգին ներկա էին Ֆինլանդիայի խորհրդարանի փոխխոսնակ Անսի Յոուտսենլահտին, Էկումենիկ խորհրդի գլխավոր քարտուղար, վերապատվելի Հեյկկի Հուտտունենը, Տամպերեի նահանգապետ Էսա Հալմեն, Ֆինլանդիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, պատգամավորներ, դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ։ Բացման խոսքով հանդես եկավ Ֆինլանդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա հետևանքներին, ցեղասպանությունների կանխարգելման համար և ժխտողականության դեմ հայոց պետականության պայքարին, ինչպես նաև Ցեղասպանությունից հետո անցած հարյուրամյակում հայ ժողովրդի նվաճումներին և մշակութային զարթոնքին: Համերգասրահի նախասրահում կազմակերպվել էր «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Ցեղասպանության տարիներին հազարավոր հայ մանուկների և կանանց կյանք փրկած միսիոներներին և սկանդինավյան երկրների առաջադեմ հանրության հայանպաստ գործունեությանը։ Ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ ֆին ուղղափառ եկեղեցու հոգևորական Սերաֆիմ Սեպալայի «Լռեցված ձայներ» գրքի, ինչպես նաև Գրիգորիս Բալակյանի «Հայկական Գողգոթան» գրքի ֆիններեն հրատարակության շնորհանդեսները։ Համերգը ջերմ ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից, իսկ համերգից հետո Ֆինլանդիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում բարձրաստիճան հյուրերի, հայ համայնքի ներկայացուցիչների և նվագախմբի անդամների միջև։

Նմանատիպ նյութեր