1069 դիտում
12:48 13-04-2015
Մաեստրո Սպիվակովը Հայաստանում է՝ կիսելու հայ ժողովրդի վիշտը
Ապրիլի 12-ի երեկոյան Երևան ժամանեց աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովը։ Մաեստրոն այս օրերին Հայաստանում է՝ կիսելու հայ ժողովրդի վիշտը, իր ղեկավարած համերգներով ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Երեկ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչ վերաբերմունք ունի Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ, Վ. Սպիվակովը նշեց, որ իր այցելությունն ինքնին խոսում է այդ մասին. «Ես եկել եմ Հայաստան, և ի՞նչ եք կարծում՝ ինչ դիրքորոշում պետք է ունենամ»։ Իսկ այն հարցին, թե աշխարհի ոչ բոլոր երկրներն են ճանաչել Ցեղասպանությունը, մաեստրոն պատասխանեց. «Դա նրանց խնդիրն է։ Ամբողջ աշխարհը չէ, որ չի ճանաչում, ճի՞շտ է։ Օրինակ, Հռոմի պապը ճանաչեց Ցեղասպանության փաստը։ Կարծում եմ՝ դա շատ լուրջ պատմություն է, որը հեռուն գնացող հետևանքներ կունենա։ Ռուսաստանը ճանաչել է…»։
Երևանյան երեք համերգ. ինչո՞վ է պայմանավորված երեք տարբեր համերգային ծրագրերի ընտրությունը։ Մաեստրոն խոստովանում է, որ ինքը կրկնվել չի սիրում. «Երեկ Չայկովսկուն նվիրված փառատոնում մենք նվագում էինք բոլորովին այլ ծրագիր, որտեղ որպես մենակատար հանդես եկավ Ալեքսանդր Ռոմանովսկին, ով Ուկրաինայից է և այժմ ապրում է Իտալիայում։ Հիասքանչ հանդես եկավ։ Հայաստան կգա շատ լավ մի աղջնակ, դաշնակահարուհի Վարվարա Կուտուզովան, ում հետ առաջին համերգին կներկայացնենք Մոցարտի երաժշտությունը։ Կարծում եմ՝ հանդիսատեսը հաճույք կստանա»։
Հիշեցնենք, որ Երևանում ապրիլի 14-16-ը երեք համերգով հանդես կգա Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1114 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1420 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ