Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը` Նեապոլ
Ապրիլի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Իտալիայի Նեապոլ քաղաքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ միասին մասնակցեց Ս. Գրիգոր հայի եկեղեցում կազմակերպված արարողություններին:
Այս առիթով Նեապոլ էին ժամանել նաև Հայ Կաթողիկե Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն, Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից ուխտավորներ, ՀՀ պետական այրեր, գիտության և մշակույթի գործիչներ, գործարարներ:
Ս. Գրիգոր հայի վանական համալիրում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ՀՀ նախագահին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին դիմավորեցին Նեապոլի արքեպիսկոպոս կարդինալ Կրեշենցիո Սեպեն, Կամպանիայի նահանգապետ Ստեֆանո Կալդորոն, Նեապոլի քաղաքապետ Լուիջի դե Մաջիստիսը և մենաստանի միանձնուհիները:
Այնուհետև ի պատիվ Ս. Գրիգոր Լուսավորչի կառուցված պատմական տաճարում տեղի ունեցավ էկումենիկ արարողություն, որի ժամանակ Հայաստանյայց Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների սպասավորները միասնական աղոթք բարձրացրեցին աշխարհում խաղաղության, հայ և իտալացի ժողովուրդների բարեկամության և բարօրության համար:
Արարողության ընթացքում «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության տաճարի ավագ խորանից վերանորոգված` Ս. Գրիգոր Լուսավորչի մատուռ տարվեցին և խորանին վերազետեղվեցին եկեղեցում պահվող հայոց հավատքի հոր մասունքները:
Այնուհետև իր ողջույնի և օրհնության խոսքը ներկաներին ուղղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Կամպանիայի նահանգային և Նեապոլի քաղաքային իշխանություններին, ինչպես նաև Նեապոլի Սուրբ Գրիգոր հայի եկեղեցու հովանու ներքո բնակվող քույրերին` հայցելով Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը երկու ժողովուրդների և Եկեղեցիների, նրանց ուխտապահ սպասավորների համար: