Ուխտագնացություն՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին
Ապրիլի 12-ին «Էրեբունի համայնքների զարգացման կենտրոն» ՀԿ-ն կազմակերպում է հեծանվարշավ-ուխտագնացություն՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Ուխտագնացության նպատակն է մարդկության հիշողության մեջ ևս մեկ անգամ ամրագրել պատմական իրողությունը՝ դատապարտելով և «ոչ» ասելով աշխարհում նորանոր ցեղասպանությունների իրագործմանը:
Արշավը սկսվելու է Ծիծեռնակիաբերդի հուշահամալիրից ժամը 9:00-ին, որտեղ հեծանվորդ-ուխտագնացները ծաղիկներ կդնեն ցեղասպանության հուշահամալիրում, որից հետո՝ 9:30-ին հեծանվորդ-ուխտագնացները Էջմիածին տանող մայրուղով կշարժվեն դեպի Մայր Աթոռ սբ. Էջմիածին՝ մասնակցելու Սուրբ Պատարագին և հարգանքի տուրք մատուցելու Մայր Աթոռ սբ. Էջմիածնի տարածքում տեղադրված եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:
Ուխտագնացության ավարտին կընթերցվի երկու նամակ տարբեր բովանդակություններով, որոնցից մեկը հասցեագրված է ցեղասպանությունը ընդունած պետություններին՝ շնորհակալության, իսկ մյուսը՝ ցեղասպանությունը չընդունած պետություններին՝ ցեղասպանության փաստը ընդունելու և համապատասխան վերաբերմունք ցուցաբերելու ուղերձով: Հաջորդ օրը նամակները կազմակերպության անդամները կհանձնեն համապատասխան դեսպանատներ: