Հանդիպում՝ ԱԺ-ում. ՀՀ Գերմանիայի դեսպանը կարևորել է 2 երկրների միջև ռազմական համագործակցության խորացումը
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ապրիլի 10-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին:
Կորյուն Նահապետյանը ողջունել է հայ-գերմանական հարաբերությունների շարունակական զարգացումը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Հատկապես կարեւորվել է երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության խորացումը: Բարձր է գնահատվել վերջին տարիներին ցուցաբերված աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին, զինվորական կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը եւ համատեղ մասնակցությունը Աֆղանստանում միջազգային կայունության ապահովման գործողություններին: Այս համատեքստում առանցքային ուշադրության է արժանացել ռազմական կրթությունը՝ որպես զինված ուժերում իրականացվող բարեփոխումների կարեւորագույն բաղադրիչ:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ խաղաղապահների առաքելության արդյունավետությունը Աֆղանստանում՝ Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության կազմում:
Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-գերմանական միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ գործնական համագործակցության հեռանկարները խորհրդարանական համապատասխան հանձնաժողովների մակարդակով:
Անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: