Լիտվան ԱՄՆ հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում
Ինչպես տեղեկացնում է «bbc.co.uk»-ն, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսից ոչ հեռու՝ Պաբրադեի զորակայանում, սկսվել են ամերիկացի և լիտվացի զինծառայողների համատեղ զորավարժությունները, որոնցում առաջին անգամ մանակցում են մոտ մեկ ամիս առաջ այնտեղ ժամանած ամերիկյան «Աբրամս» տանկերը։
Ինչպես հայտնել են Լիտվայի ՊՆ-ում, զորավարժություններին մասնակցում են մոտ 150 ամերիկացի զինծառայողներ, ովքեր ժամանել են ԱՄՆ-ի և Գերմանիայի մշտական տեղակայման վայրերից։ Զինվորականներն իրենց հետ բերել են մոտ 20 տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ 5 ամենաժամանակակից М1А2 «Աբրամս» տանկեր։
Զորակայան ժամանած Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասը լրագրողներին ասել է, որ այդ զորավարժությունները բալթյան դաշնակիցների անվտանգության ապահովման ՆԱՏՕ-ի ծրագրի մի մասն են։