745 դիտում
21:25 09-04-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաժողով Կահիրեում
Ապրիլի 7-ին Կահիրեի նշանավոր «Այն Շամս» համալսարանում կայացավ «Թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. 1915-2015թթ.» խորագրով գիտաժողով։ Այն նախաձեռնել էր նույն համալսարանի Մերձավորարևելյան հետազոտությունների կենտրոնը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Եգիպտոսի հանձնախմբի և Եգիպտոսում ՀՀ դեսպանության աջակցությամբ։
Բացման խոսքով ելույթ ունեցան «Այն Շամս» համալսարանի նախագահ Հուսեյն Իսան, Մերձավորարևելյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գամալ Շակրան, Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տեղական հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Մազլումյանը։
Դեսպան Մելքոնյանն իր խոսքում քննադատեց Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի իշխանությունների վարած ժխտողականության քաղաքականությունը` նշելով մարդկության դեմ իրականացված այդ հանցագործության հետևանքների վերացման անհրաժեշտությունը։ «Թուրքական իշխանությունները, արդարացնելով այդ հանցագործությունը, վտանգավոր նախադեպ են ստեղծում նոր ցեղասպանությունների իրագործման համար», – նշեց դեսպան Մելքոնյանը: Նա ընդգծեց Հայաստանի հանձնառությունը` շարունակելու պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման համար։ Այնուհետև դեսպանը հայ ժողովրդի խորին երախտագիտությունը փոխանցեց բարեկամ եգիպտացի ժողովրդին` Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայերի ապաստան տրամադրելու, նրանց ազգային ինքնության պահպանման և եգիպտական հասարակության լիարժեք անդամներ դառնալու համար բոլոր անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար։
Համալսարանի նախագահ Հուսեյն Իսան իր ելույթում զուգահեռներ անցկացրեց Հայոց ցեղասպանության և ներկայումս տարածաշրջանի ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող ոճրագործությունների միջև` պատմության` ինքն իրեն կրկնումը բացատրելով նրանով, որ ժամանակին Հայոց ցեղասպանությունը չի ստացել արդարացի գնահատական։ Մերձավորարևելյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գամալ Շակրան իր հերթին շեշտեց, որ հսկայական քանակությամբ փաստերի առկայության պարագայում հերքել Հայոց ցեղասպանության փաստն անընդունելի է։ Համակարգող հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Մազլումյանը կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը և անդրադարձավ 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում սպասվող միջոցառումներին։
Հիմնական զեկուցողները բացառապես եգիպտացի ճանաչված գիտնականներ և պրոֆեսորներ էին, այդ թվում` Դամանհուրի համալսարանի պրոֆեսոր, ցեղասպանագետ Մուհամմադ Ռեֆաթ ալ–Իմամը, միջազգային իրավունքի մասնագետ, հրապարակախոս Այման Սալաման, Նասերի անվան ռազմական բարձրագույն ակադեմիայի պրոֆեսոր, գեներալ Մահմուդ Խալաֆը, Ազգային գրադարանի և փաստաթղթերի կառավարման խորհրդի նախագահ, գրող և հրապարակախոս Հիլմի ան-Նամնամը, հեռուստալրագրող, հրապարակախոս Նաշաթ ադ-Դայհին և այլք։ Նրանց զեկուցումները շոշափում էին Հայոց ցեղասպանության փաստերին, նրա իրավական հետևանքներին, հատուցման հնարավոր մեխանիզմներին, թուրքական իշխանությունների պատասխանատվությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Գիտաժողովի ընթացքում ցուցադրվեց «Բալիսթա» բրիտանական ֆիլմարտադրող ընկերության կողմից նկարահանված «Կապույտ գիրքը. Հայոց ցեղասպանության վկայությունը» վավերագրական ֆիլմը։
Գիտաժողովի աշխատանքները լայնորեն լուսաբանվեցին եգիպտական մի շարք առաջատար հեռուստակայանների և պարբերականների կողմից։
Նմանատիպ նյութեր
405 դիտում
20:50 09-06-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաժողով Լոզանում
Այս բաժնից
700 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
718 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»