211652_close_icon
views-count2178 դիտում article-date 12:18 09-04-2015

Տանջամահ եղած հայ կինն իր երեխայի հետ. «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին»

Ռուսական «Искры» պարբերականի 1915 թ. հոկտեմբերի 18-ի համարում տպագրված՝ կոտորածների զոհ դարձած հայ կանանց ու երեխաների երեք լուսանկարներից այս մեկը ներկայացնում է մի դրվագ հայերի ցեղասպանությունից: Նահատակված կնոջ դիակի կողքին դատարկ սայլեր են. երիտթուրքերի կառավարության հրամանի համաձայն՝ բռնագաղթյալ հայերի այս քարավանը շարժվում էր դեպի աքսորավայր` Միջագետքի անապատներ: Ի տարբերություն Հոլոքոստի, որի մասին միջազգային լայն հասարակայնությունը երկար ժամանակ որևէ տեղեկություն չուներ, Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կառավարության կողմից իրագործված հայերի զանգվածային բնաջնջման ծրագրի մասին արդեն 1915 թվականին հրապարակումներ էին հայտնվում հայկական և համաշխարհային մամուլի էջերում: Կովկասյան ճակատում ռուսական բանակի առաջխաղացումը հնարավորություն տվեց ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողներին, ինչպես նաև մամուլին թղթակցող անձանց մուտք գործել տարածքներ, որտեղ բառացիորեն օրեր ու շաբաթներ առաջ տանջում և կոտորում էին հայերին, կողոպտում նրանց ունեցվածքը, հիմնահատակ ավերում հայկական բնակավայրերը: Շատ արագ մամուլում հայտնվեցին հայերի հանդեպ կատարված թուրքական գազանությունները փաստող լուսանկարներ, որոնք հիմնականում արվել էին օտարերկրացի միսիոներների, ռուս զինվորականների և հայ կամավորների կողմից: «Կոստանդնուպոլսի հայ պատրիարքը զեկուցել է կաթողիկոսին, որ առ այս պահը Թուրքիայում բնաջնջվել է 850.000 հայ: Ինչպիսի սարսա´փ է փչում այդ սառը թվերից: Անզեն մարդկանց սպանում են, բնաջնջում, ինչպես ճանճերի, միայն այն բանի համար, որ նրանք ձգտում են ազատության... Գերմանացի սպաների աջակցությամբ «սահմանադրական» երիտթուրքերի կողմից մշակված՝ Թուրքիայում համակարգված ի կատար է ածվում հայ բնակչության բնաջնջման ծրագիրը, և շատ հավանական է, որ մոտ ապագայում կգա մի օր, երբ Թուրքահայաստանում չի մնա և ոչ մի հայ»: «Искры», հոկտեմբերի 18, 1915 թ.

Նմանատիպ նյութեր