211652_close_icon
views-count2292 դիտում article-date 16:11 25-03-2015

Հայ գաղթական կանայք՝ ավանակի դիակի շուրջ. «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագծից

Այս լուսանկարն արվել է 1916 թվականին Սիրիայում գտնվող Հորանի շրջանում: Սա բացառիկ մի տեսարան է ներկայացնում, թե ինչպես են սովի մատնված և ամիսներ շարունակ խոշտանգումների ենթարկված հայ գաղթական կանայք խմբվել սատկած ավանակի դիակի շուրջ: Լուսանկարի հեղինակը Հասան Ամջան է, ով Ջեմալ փաշայի կողմից նշանակվել էր հայ բռնագաղթյալների տեսուչ: Նա անձամբ զբաղվել է տեղահանված հայերին Սիրիայում ու Լիբանանում վերաբնակեցնելու գործով: Այս լուսանկարը վկայում է հայ բռնագաղթյալների օրհասական կացության մասին: Մարդիկ իրենց քաղցն ու ծարավը հագեցնելու համար դիմել են աներևակայելի քայլերի. գրանցվել են նաև մարդակերության դեպքեր: Նույնիսկ այն ժամանակ, երբ Հասան Ամջան լուսանկարչական սարքով մոտեցել է նրանց՝ այդ տեսարանը լուսանկարելու, նրանցից և ոչ մեկը ուշադրություն չի դարձրել, հայացքը չի բարձրացրել ու նայել նրա ուղղությամբ: Այս լուսանկարը հետագայում Հասան Ամջան հանձնել է հայերի զանգվածային ոչնչացման գործը քննող Նեմրութ Մուստաֆա փաշայի գլխավորած արտակարգ ռազմական դատարանին՝ որպես ապացույց Օսմանյան կայսրության հայ բնակչության հանդեպ կատարվող ոճրագործության: Նրանք սնվում էին իրենց քակորով, Խոտ ու արմատով, լեշով ձիերի. Մինչ լափում էր քաղցը վերջին կայծ, կորով... Սփռելով երկրին մոխիր դիերի: Արմին Թեոֆիլ Վեգներ 1915-16թթ. օսմանյան բանակում ծառայող գերմանացի սպա Հայոց ցեղասպանության ականատես Լուսանկարի աղբյուրը՝ Հայաստանի ազգային արխիվի հավաքածու «100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՅԹՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գրքից Նյութի սկզբնաղբյուրը՝ [url=http://www.genocide-museum.am/arm/25.03.2015-100photos.php]Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ[/url]

Նմանատիպ նյութեր