211652_close_icon
views-count654 դիտում article-date 19:23 03-04-2015

Վարչապետն այցելել է Տավուշի մարզի Թեղուտ համայնք

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Տավուշի մարզի Թեղուտ համայնք, որտեղ կառավարության ղեկավարի ներկայությամբ բացվել է տեղի նորակառույց մանկապարտեզը: Միջոցառմանը ներկա էին նաեւ Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալը, ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը եւ այլք: Վարչապետ Աբրահամյանը շրջել է մանկապարտեզով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին եւ երեխաների համար ստեղծված պայմաններին: Մանկապարտեզի կառուցմանն ուղղվել է 120 մլն դրամ: Ծրագիրը ֆինանսավորվել է Համաշխարհային բանկի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից: Անհրաժեշտ գույքով համալրված մանկարպատեզը հնարավորություն ունի ընդունելու մինչեւ 60 երեխա: ՀԲ տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալը ողջունել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գյուղական բնակավայրերում նման սոցիալական ծրագրերի իրականացումը եւ նշել, որ ՀԲ-ն պատրաստ է հետագայում եւս օժանադակել նման ծրագրերի կյանքի կոչմանը: Իր հերթին, ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին նկատել է, որ նորակառույց մանկապարտեզը գտնվում է համայնքի կենտրոնում, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան: Այնուհետեւ կառավարության ղեկավարը զրուցել է թեղուտցիների հետ՝ ծանոթացել գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, բնակիչներին հուզող խնդիրներին եւ պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Վարչապետը նշել է, որ գյուղական համայնքները շարունակելու են գտնվել կառավարության ուշադրության կենտրոնում եւ գործադիրը հետեւողականորեն անելու է ամեն ինչ՝ առկա խնդիրներին համապատասխան լուծումներ տալու համար: Բնակիչները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ Թեղուտ այցելելու, ուսումնական հաստատությունների կառուցմանն ու հիմնանորոգմանը հետամուտ լինելու, խնդիրները լսելու համար եւ ուրախությամբ փաստել, որ իրենց համայնք առաջին անգամ այցելում է ՀՀ վարչապետ:

Նմանատիպ նյութեր