211652_close_icon
views-count1067 դիտում article-date 19:13 03-04-2015

Զինվորների ուխտը` Մակարավանքում. լուսանկարներ

Իջևանի զորամասի զինծառայողները, իրենց հոգևոր սպասավոր՝ Սմբատ սարկավագ Խանվելյանի գլխավորությամբ, և հրամանատարական կազմի մասնակցությամբ, ուխտագնացության գնացին Մակարավանքի վանական համալիր: Զինվորների խանդավառությունը մեծ էր, քանի որ շատ անգամներ էին լսել չքնաղ Մակարավանքի մասին, սակայն տեսնելու և այնտեղ աղոթելու հնարավորություն դեռևս չէին ունեցել: Ուխտավոր զինվորներին ու սպաներին դիմավորեց Մակարավանքի վանահայր Տ. Սիմեոն քհն. Առաքելյանը: Արժանապատիվ Տեր Հայրը ուխտավորներին մեծ սիրով ներկայացրեց Մակարավանքի պատմությունը և նրա հետ կապված ավանդությունները, ապա պահպանության և բժշկության աղոթք արեց զինվորների և սպաների համար: Աղոթքից և Տեր հոր օրհնությունն ստանալուց հետո հայրենյաց պաշտպաններին աղոթագրքեր բաժանվեց զորամասի հոգևոր սպասավորի կողմից: Ապա ուխտավոր զինվորներն իրենց հավատի մոմերը վառեցին Մակարավանքի խնկաբույր կամարների ներքո և Հակոբոս առաքյալի խոսքի համաձայն, թե «հավատքն առանց գործերի մեռած է» (Հակոբոս 2.26), մաքրեցին Մակարավանքը և հարակից տարածքը ու ի նշան իրենց ուխտի՝ կատարեցին ծառատունկ: Դրանից հետո զինվորները դրական լիցքերով և բարձր տրամադրությամբ, ազգային-հայրենասիրական երգեր երգելով վերադարձան զորամաս: Մակարավանքի միջնադարյան վանքային համալիրը գտնվում է Տավուշի մարզի Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Գլխավոր եկեղեցին, ըստ նրանից հարավ կանգնեցված խաչքարի արձանագրության, կառուցվել է 1205թ.-ին։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև, խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով գմբեթավոր հորինվածք ունի` կառուցված վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով։ Հարավային և արևելյան ճակատները մշակված են եռանկյունաձև զույգ խորշերով, գմբեթի կլոր թմբուկը զարդարված է զույգ կիսասյուների դեկորատիվ կամարաշարով։ Արևմտյան դուռն ունի ճոխ զարդաձևերով շքամուտք, որի ճակտոնապատը բազմագույն քարերի շախմատաձև շարվածքով է։ Գրեթե նույն ձևավորումն ունի գավթի մեջ բացվող հյուսիսային շքամուտքը։ Եկեղեցու հարավային պատի լուսամուտի տակ` ճանկերում հորթ բռնած արծվի բարձրաքանդակ է, որն ուշագրավ է կատարման մեծ վարպետությամբ։ Եկեղեցու լուսավոր և ընդարձակ ներսակողմում խիստ տպավորիչ է ու լուծումով ինքնատիպ խորանի հարդարանքը։ Աբսիդի կիսաշրջանաձև պատը զարդարված է 13 գոգավոր խորշերով` միմյանցից բաժանված կամարակապ զույգ որմնասյուներով։ ՀՀ ՊՆ N զորամասի հոգևոր սպասավոր՝ Սմբատ սարկավագ Խանվելյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր