Հավաստի տվյալներ կունենանք դպրոցներում սննդի կազմակերպման վերաբերյալ. Արմավիրի մարզպետ
ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հերթական խորհրդակցությունը` գլխավորությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի:
Խորհրդակցության ժամանակ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դպրոցների տնօրեններին տեղեկացրեց, որ իր համապատասխան կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով` մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում դպրոցական սննդի կազմակերպման վիճակն ուսումնասիրելու նպատակով և հանձնարարվել է նախատեսված աշխատանքներն իրականացնել 15-օրյա ժամկետում:
«Յուրաքանչյուր օր ինձ կներկայացվեն ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա հավաստի տվյալներ կունենանք մարզի հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման վերաբերյալ, իսկ թերությունների արձանագրման դեպքում անհապաղ միջոցներ կձեռնարկենք դրանք վերացնելու համար»,-իր խոսքում ընդգծեց մարզպետը` կոչ անելով դպրոցների տնօրեններին բարձր մակարդակով իրականացնել իրենց վերապահված գործառույթները: