211652_close_icon
views-count906 դիտում article-date 16:59 01-04-2015

Դեսպան Ղազարյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել Վարշավայում

Մարտի 31-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ Լեհաստանի սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալ Թոմաշ Յեունդժեյիչակի հետ: Նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանի հետ զբոսաշրջության զարգացումը մեր հետարքրքություն է ներկայացնում Լեհաստանի համար, քանզի Հայաստանի պատմամշակութային վայրերը, քրիստոնեական հարուստ ժառանգությունը, գեղեցիկ ավանդույթները, յուրահատուկ խոհանոցը գրավիչ են լեհ զբոսաշրջիկներն: Փոխնախարարը կարևորեց նաև Հայաստանից Լեհաստան զբոսաշրջության զարգացման անհրաժեշտությունը: Շնորհակալություն հայտնելով նախարարի տեղակալին հանդիպման համար` դեսպան Ղազարյանը նշեց, որ զբոսաշրջության զարգացումը հանդիսանում է Հայաստանի կառավարության կողմից հռչակված գերակայություններից մեկը, ինչի արդյունքում վերջին տարիներին զգալի ներդրումներ են իրականացվել զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում, որի արդյունքում տարեցտարի ավելանում են Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը, այդ թվում նաև Լեհաստանից: Դեսպանն ընդգծեց, որ Վարշավայի և Երևանի միջև օդային ուղիղ հաղորդակցության առկայությունը չափազանց կարևոր նշանակություն ունի երկու ուղղություններով զբոսաշրջության զարգացման համար: Նույն օրը դեսպան Ղազարյանը հանդիպում ունեցավ Լեհաստանի Սեյմի նախագահի (մարշալի) տեղակալ Էլիժբետա Ռադիշևսկայի հետ: Սեյմի նախագահի տեղակալը ողջունեց դեսպանին և նրան հաջողություններ ու արդյունավետ աշխատանք մաղթեց Լեհաստանում: Տիկին Ռադիշևսկան գոհունակությամբ նշեց Լեհաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների բարձր մակարդակի առկայության մասին՝ վստահություն հայտնելով, որ առաջիկայում ևս դրանք կշարունակեն դինամիկ կերպով զարգացում ապրել: Նա միաժամանակ հայտնեց, որ հայ-լեհական հարաբերություններում չափազանց մեծ դերակատարում ունեն Լեհաստանում ապրող հայերը, որոնք հարյուրամյակների ընթացքում իրենց դրսևորել են իբրև Լեհաստանի իսկական քաղաքացիներ՝ դրական դեր ունենալով երկրի պատմության մեջ: Իր հերթին դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար: Քննարկվեց հայ-լեհական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը հայ-լեհական քաղաքական հարաբերությունների ամրապնդման գործում: Զրուցակիցները դրական գնահատեցին հայ-լեհական խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը՝ համոզմունք հայտնելով, որ խորհրդարանականների միջև համագործակցությունը, փոխադարձ շփումներն ու փոխայցելությունները պետք է կրեն կայուն և շարունակական բնույթ: Կարևորվեց նաև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները` դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Լեհաստանի խորհրդարանին` համամարդկային նշանակություն ունեցող այդ հարցի վերաբերյալ նման քաղաքական վերաբերմունք ցուցաբերելու կապակցությամբ: Զրուցակիցներն անդրադարձան նաև Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հարցերին և հեռանկարներին:

Նմանատիպ նյութեր