2081 դիտում
16:40 31-03-2015
Արմեն Երիցյանը պարգևատրել է գայլի հարձակումից մարդկանց փրկած երիտասարդին
Մարտի 31-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մեկնել է Վայոց ձորի մարզ: Նախարարը մարզպետարանում հանդիպել է օրերս գայլի հարձակումից կանանց փրկած Արմեն Խաչատրյանին: ՏԿԱԻ նախարարը երիտասարդին է հանձնել «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ և դրամական պարգև: Վայրի կենդանու հետ պայքարում Ա. Խաչատրյանը նույնպես ուսի, գոտկատեղի և ոտքի հատվածում վնասվածքներ էր ստացել, սակայն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս էր գրվել հիվանդանոցից:
Շնորհակալություն հայտնելով Ա. Խաչատրյանին դրսևորած արիության համար` ՏԿԱԻ նախարարը մասնավորապես ասել է, որ թե մարզպետարանի և թե ՏԿԱԻ նախարարության դռները միշտ բաց են նրա առաջ և հնարավորության սահմաններում իրենք պատրաստ են աջակցել նրան և իր ընտանիքին:
***
Հիշեցնենք, որ մարտի 24-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Վայոց ձորի մարզի Չիվա գյուղում: Նույն օրը, ժամը 15.10-ի սահմաններում նշված գյուղի հանդամասում գայլը հարձակվել էր նույն գյուղի բնակիչներ` 1978 թ. ծնված Գ. Մ.-ի, 1978 թ. ծնված Ս. Հ.-ի, 1965 թ. ծնված Գ. Ս.-ի, 1984 թ. ծնված Ս. Ս.-ի և 1984 թ. ծնված Ա. Խ.-ի վրա` պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այդ պահին նրանց հետ հողամասում աշխատող Ա. Խաչատրյանն օգնության էր հասել կանանց և վնասազերծել վայրի կենդանուն: Տուժածները տեղի ուժերով տեղափոխվել էին Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ Ս. Ս.-ը և Ա. Խ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս էին գրվել, իսկ մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատել էին բավարար:
Վայոց ձորից ՏԿԱԻ նախարարը մեկնել է Սյունիքի մարզ, որտեղ այսօր այցելելու է Գորիսի տարածաշրջանի այն 8 համայնքները, որոնք ընդգրկված են համայնքների խոշորացման պիլոտային ծրագրում: Ապրիլի 1-ին ՏԿԱԻ նախարարը Կապանում կմասնակցի Սյունիքի մարզխորհրդի նիստին, ինչպես նաև Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի բացմանը։
Ապրիլի 3-ին ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը այցելելու է Տավուշի մարզ, որտեղ կմասնակցի Թեղուտ գյուղի նորակառույց մանկապարտեզի բացմանը։
Նմանատիպ նյութեր
1538 դիտում
16:30 14-04-2014
Արմեն Երիցյանը երկարամյա անբասիր ծառայության «ՀՀ ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալով է պարգևատրել Բորիս Պետրոսյանին
4512 դիտում
23:32 29-01-2019
ՌԴ ԱԻՆ-ը պարգևատրել է Եկատերինբուրգում այրվող տնից 3 երեխայի փրկած Գևորգ Ավետիսյանին
Այս բաժնից
907 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
787 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը