211652_close_icon
views-count1085 դիտում article-date 16:19 30-03-2015

Քաղաքակրթական հերթական առեղծվածը բացահայտելու ճանապարհով

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Մ.Մաշտոցի անվան Մատենադարան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում ներկա է գտնվել "Եվրասիական ժառանգություն. Ղրղզստանի տարածքում հայկական մշակութային հուշարձանների ուսումնասիրության հարցը" գիտական ծրագրի քննարկմանը: Միջին Ասիայում հայկական միջնադարյան եկեղեցիների ուսումնասիրությունն ուշագրավ գիտական հայտնագործության կարող է հանգեցնել. Ղրղզստանի Իսիկ-Կյուլ լճի մոտակայքում կործանված հայկական եկեղեցու և այդ եկեղեցում ամփոփված առաքյալ, ավետարանիչ Մատթեոսի մասունքների առկայության մասին առաջին անգամ հիշատակվել է բացառիկ գիտական արժեք ունեցող կատալոնյան քարտեզում: Ինչպես իր խոսքում նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ փորձ է արվում դեռևս խորհրդային տարիներից շրջանառության մեջ դրված Իսիկ-Կյուլ լճի հատակին հայկական կործանված եկեղեցու և Մատթեոս առաքյալի մասունքների առկայության մասին վարկածը դարձնել գիտական ուսումնասիրության նյութ, և Մատենադարանում կազմակերպված քննարկումը նվիրված է այդ խնդրին. "Հայ ժողովրդի, մասնավորապես, Հայ առաքելական եկեղեցու պատմությունը բազմաթիվ առեղծվածային նոր բացահայտումների պաշար ունի: Մենք ի սկզբանե գլոբալացված ազգ ենք եղել և մեր տեղը գտել ենք Հայաստանի սահմաններից դուրս` բոլոր կայսրությունների և ժամանակների ընթացքում: Լինելով ոչ միայն առևտրական, հասարակական-քաղաքական և մշակութային արժեքներ ստեղծող և տարածող, այլ նաև հոգևոր արժեքների տուրք տվող ազգ՝ մենք մեր մշակութային հետքն ենք թողել այն բնակավայրերում, որտեղ ապրել ենք: Պատմությունից հայտնի է, որ միջնադարում հայ միսիոներներն ակտիվ գործունեություն են ծավալել նաև Միջին Ասիայի կենտրոնական հատվածում, որտեղ գործել են հայկական եկեղեցիներ: Այն գաղափարը, որն այսօր միավորել է բարձրաստիճան պաշտոնյաներին և գիտնականներին, ցանկությունն է բացահայտելու քաղաքակրթական հերթական առեղծվածը: Դեռևս խորհրդային տարիներին Հայաստանի գիտնականների և Հայ առաքելական եկեղեցու կողմից մի քանի անգամ այս հարցը ուսումնասիրվել է: Հատուկ ծառայությունները նույնպես հետաքրքրված էին Իսիկ Կյուլի հատակին թաքնված խորհրդավոր գաղտնիքով, սակայն աշխատանքներն այն ժամանակ մինչև վերջ չեն շարունակվել: Ակնհայտ է, որ հայկական վանքի առկայությունը Իսիկ Կյուլի մոտակայքում, որտեղ ըստ ավանդության հուղարկավորված է նաև առաքյալներից մեկը՝ Մատթեոսը, շատ հետաքրքիր և ուշագրավ ժառանգություն է, որը վկայում է դեռևս միջնադարում միջմայրցամաքային ամուր կապերի առկայության մասին և փաստում, որ հայ ժողովուրդն այդ գործընթացում կարևոր տեղ է զբաղեցրել: Այսօր արդեն ԵՏՄ տարածքում սա հերթական առիթն է` վերաիմաստավորելու տնտեսական կառույցը հոգևոր մշակութային արժեքներով և առիթ դառնալ հանգուցալուծելու հարյուրավոր տարիներ շատերին մտատանջող այս գաղտնիքը: Գիտական վարկածը վերակենդանացնելու նախաձեռնությունը բացարձակ կապ չունի ԵՏՄ հիմնական գործառույթների հետ, սա ընդամնեը հոգու և խղճի կանչ է",- իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը: Նախարարի խոսքով՝ նախաձեռնությամբ հանդես են եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի երկու ներկայացուցիչներ, ովքեր դիմել են նաև ՀՀ կրթության և գիտության, մշակույթի նախարարություններին, ՀՀ Նախագահի աշխատակազմին՝ աջակցելու գիտական աշխատանքների կազմակերպմանը: Քննարկումներից հետո կստեղծվի հարցի վերաբերյալ տեղեկատվական պաշար, ի մի կբերվեն և կմեկտեղվեն բոլոր արխիվային տվյալները՝ Իսիկ Կյուլի միջնադարյան հայկական եկեղեցու վերաբերյալ, որի հիման վրա կստեղծվի նախաձեռնող գիտական խումբ: Քննարկմանը մասնակցել են ԵՏՄ-ի, Ղրղզստանի, Հայ առաքելական եկեղեցու, բուհերի և գիտական ինստիտուտների ներկայացուցիչներ, ովքեր իրենց ելույթներում ներկայացրել են գիտական հարցի նախապատմությունը, անդրադարձել Միջին Ասիայում հայկական եկեղեցիների գործունեությանը:

Նմանատիպ նյութեր