2182 դիտում
13:28 30-03-2015
«Սիլվա Կապուտիկյան» պատկերագիրք-հուշապատումը նվիրվում է բանաստեղծի 95-ամյա հոբելյանին
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Սիլվա Կապուտիկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ` ս. թ. մարտի 31-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Սիլվա Կապուտիկյան» պատկերագրքի շնորհանդեսը: Պատկերագրքի հրատարակությունը նվիրվում է բանաստեղծի 95-ամյա հոբելյանին և իրականացվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում: Պատկերագիրք-հուշապատումն առաջին փորձն է՝ գեղարվեստական և փաստավավերագրական նյութերի միջոցով ի մի բերելու Սիլվա Կապուտիկյանի կյանքն ու գործը: Բանաստեղծի ստեղծագործությունների կողքին տեղ են գտել զանազան հեղինակների վերլուծական հոդվածներ, հուշագրություններ, նամակներ, շնորհավորականներ և 600 լուսանկար, որոնք թույլ են տալիս առավել ամբողջական ճանաչելու մեծ մտվորականի և նրա սերնդակիցների ապրած կյանքն ու նրանց բաժին ընկած դժվարին ժամանակաշրջանը:
Պատկերագիրքը ձևավորելիս օգտագործվել են Մարտիրոս Սարյանի, Հարություն Կալենցի և բանաստեղծի որդու՝ ՀՀ ժողովրդական նարիչ Արա Շիրազի աշխատանքները, որոնց մի մասը հանրության դատին կներկայացվեն առաջին անգամ: Գրքի առաջին էջերում զետեղված են բանաստեղծի կենսագրությանը և արմատներին նվիրված նյութեր, որոնք պատմում են Վանի հերոսամարտի, այնտեղից բնավեր եղած նրա գերդաստանի, ծնողների, ճարտարապետ հորեղբոր, ինչպես նաև մյուս հարազատների և տաղանդաշատ զավակի՝ Արա Շիրազի մասին:
«Մեծերի պատկերասրահ», «Սրտաբաց զրույց», «Հոբելյաններ», «Գրականագիտություն», «Կապուտիկյանը ժամանակակաիցների հուշերում և խոհերում», «Օտարագիրեները Կապուտիկյանի մասին» խորագրերի ներքո հիմնականում ներկայացված է Ս. Կապուտիկյանի վաստակի արժևորումը, ինչպես նաև` նրա սերտ հարաբերությունները հայոց մեծերի՝ Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի, Պարույր Սևակի, մարշալ Բաղրամյանի և մյուսների հետ:
Առանձին նյութ են կազմում հայկական սփյուռքին և արցախյան շարժմանը նվիրված գլուխները, որոնցով Կապուտիկյանը յուրօրինակ էջեր է բացել թե՛ իր գրականության, թե՛ հայոց պատմության մեջ, իսկ Կապուտիկյան-անհատի` մարդասեր, հումորով լեցուն, ազգի ճակատագրով մշտապես մտահոգ բնավորության ապացույցն է «Ծիծաղում և մտորում է Սիլվա Կապուտիկյանը» խորագրով ընտրանին:
«Սիլվա Կապուտիկյան» պատկերագրքի շնորհանդեսին բանախոսությամբ հանդես կգան գրքի հեղինակները և հանրապետության անվանի մշակույթի գործիչներ:
Կհնչեն՝ Ս. Կապուտիկյանի խոսքերով գրված երգեր, հատվածներ նրա արցախյան նամակներից, հեռագրերից, «Քարավանները դեռ քայլում են» գրքից: Շնորհանդեսին կմասնակցեն ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանը, Սիլվա Յուզբաշյանը, Երևանի «Մաշտոց» խոսքի մշակույթի կենտրոնը, օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը և այլ ստեղծագործողներ ու կատարողներ:
Նմանատիպ նյութեր
1582 դիտում
16:32 26-05-2022
ՀԲԸՄ-ն և Մատենադարանը Արցախի ձեռագրական ժառանգության պահպանմանը միտված պատկերագիրք են հրատարակել
1850 դիտում
12:27 12-03-2014
Չարենցյան շնչով. միջոցառումներ` նվիրված բանաստեղծի ծննդյան 117-ամյակին
Այս բաժնից
880 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
472 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
727 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը