1519 դիտում
13:01 29-03-2015
Հայերը պատասխանատու են փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում. ԱԳ փոխնախարար
Մարտի 26-ից 27-ը ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Նյու Յորքում մասնակցեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված «Էթնիկ և կրոնական հողի վրա հարձակումների և բռնությունների զոհերը Մերձավոր Արևելքում» խորագրով բաց քննարկմանը:
Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսի նախագահության ներքո անցկացված քննարկմանը մասնակցեցին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը, Իսպանիայի, Ավստրիայի, Կանադայի և Լիբանանի ԱԳ նախարարները, ՄԹ-ի, Անգոլայի, Չիլիի փոխարտգործնախարարները: Հրավիրված էին նաև Մերձավոր Արևելքի քրիստոնեական և այլ համայնքների ներկայացուցիչներ:
Աշոտ Հովակիմյանն իր ելույթում նշեց, որ Մերձավոր Արևելքում միջազգային հանրությունն առերեսվում է մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման ահագնացող երևույթներին, որոնք ուղղված են հատկապես էթնիկ և կրոնական խմբերի` ներառյալ քրիստոնյաների, եզդիների և այլ փոքրամասնությունների դեմ: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց, որ հայերը, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, բարոյական պատասխանատվություն են կրում փոքրամասնությունների հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության գործում:
Նյու Յորք կատարած իր այցի շրջանակներում նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարիչ Հելեն Քլարկի հետ: Արդյունավետ գնահատելով 2014թ. սեպտեմբերին ՄԱԶԾ կառավարչի` Հայաստան կատարած այցը` կողմերն անդրադարձան մշակման ավարտական փուլում գտնվող Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման աջակցության շրջանակի (UNDAF 2016-2020) և ՄԱԶԾ հայաստանյան նոր ծրագրի փաստաթղթերի (CPD - 2016-2020) նախագծերին:
Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ` մտահոգություն արտահայտելով ազգային, էթնիկական և կրոնական փոքրամասնությունների ու քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնության ահագնացող դեպքերի առնչությամբ:
Նմանատիպ նյութեր
967 դիտում
21:19 10-11-2023
Կստեղծվի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խորհուրդ․ ՄԻՊ
Այս բաժնից
631 դիտում
22:38 18-01-2025
ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում շուրջ 550 շվեդ զինվորական է ժամանել Լատվիա
808 դիտում
22:13 18-01-2025
Ռայիսիի ուղղաթիռը դիվերսիայի չի ենթարկվել․ Իրանի ԶՈւ
1159 դիտում
21:58 18-01-2025
Ադրբեջանում զանգվածային անկարգություններ են․ կան ձերբակալվածներ