211652_close_icon
views-count2233 դիտում article-date 22:46 28-03-2015

Հայրենիքի զինվորը` ճշմարտության հետևորդ

Աղանդավորությունը մեր իրականության ամենաարագ տարածվող ու ամենավտանգավոր երևույթներից է: Այս վտանգը սպառնալիք է հատկապես մեր պետականության համար, քանզի ապրում ենք մարտահրավերներով լի ժամանակներ, երբ անհրաժեշտություն է դարձել հոգևոր-գաղափարական միասնությունը: Աղանդը պառակտում է սերմանում հասարակության, մասնավորապես երիտասարդության գիտակցության մեջ, իսկ թե ինչ նշանակություն ունի երիտասարդությունը որևէ ժողովրդի համար, ինքնին հասկանալի է: Այդ պառակտումը կյանքի է կոչվում մանրակրկիտ մշակված հոգեբանական մեթոդների կիրառմամբ, որոնք թույլ են տալիս վերահսկելու մարդու ներաշխարհը: Մտածողության մթագնումն ու անտարբերությունը, ցանկությունների բթացումն ու զգացմունքների կտրուկ արգելակումը, շրջապատի և սեփական կյանքի հանդեպ հետաքրքրության նվազումն ու հումորի զգացումի անհետացումը, քնից կարծես նոր արթնացած վիճակը, ինչպես նաև աղանդավորներին բնորոշ մյուս հոգեվիճակները խոսում են հոգեբանորեն մշակված, անհատականությունը կորցրած ու զոմբիացած անձի մասին: Նպատակ չունենալով մանրամասն անդրադառնալ աղանդների կործանարար գործելաոճին ու հոգևորսության մեթոդներին` պարզապես ցավալի է անգամ պատկերացնել, որ մեր հասարակության ներուժը կարող են «ապահովել» նման երիտասարդներ, ովքեր այսօր հայրենիքի պաշտպաններն են, վաղը` նրա գաղափարակիրն ու առաջնորդ ուժը: Միանշանակ բանակը հայ մարդու մեջ հայրենասիրության գաղափարը խմորող և այն զգացումի ու ապրումի փոխակերպող բացառիկ դարբնոցն է: Այս դարբնոցում հայրենյաց պաշտպանի սրբազան կոչումը թերևս առաջին անգամ խորապես սկսում է հասունացնել ազգին ծառայելու գիտակցություն: Կարծես թե հայրենիքն առաջին լուրջ հնարավորությունն է ընձեռում ճանաչելու իրեն, հատուցելու իր հանդեպ բարոյական պարտքը, որով ծնվում է ամեն հայ մարդ: Այս տեսանկյունից բանակն իր հերթին չափազանց կարևոր առաքելություն ունի` երիտասարդ սերնդին լավագույն ձևով մատուցելու հայրենասիրության մեծագույն դասը` կերտելով ազգային ինքնագիտակցություն ու ինքնաճանաչում ունեցող նվիրյալ քաղաքացիներ: Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով` շատ կարևոր է կանխարգելել աղանդի` բանակ և առհասարակ հասարակության այլ ոլորտներ ներխուժելու ու վարակելու հիվանդագին միտումը: Հատկապես պատերազմական իրավիճակում գտնվող մեր երկրի պաշտպանության երաշխավոր հադիսացող բանակում անթույլատրելի է աղանդի ապազգային գաղափարների սերմանումը, որոնք երբեմն նույնիսկ դրսևորվում են զենք չկրելու, չկռվելու անպատվաբեր դիրքորոշումներով: Կանխարգելման այս գործընթացում, մասնավորապես բանակի պարագային, կարևորագույն դերակատարությունը ստանձնում է ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը: Բարեբախտաբար, զինված ուժերում աղանդավորական տարբեր հոսանքներին հարող զինծառայողները բավականին փոքր թիվ են կազմում: Ավելին` նրանց բացարձակ մեծամասնությունն ազնիվ մղումներով առաջնորդվող և հաստատուն արժեքներ փնտրող երիտասարդներ են, ովքեր այդ արժեքների փնտրտուքի ճանապարհին հանգամանքների բերումով դարձել են աղանդների խաբեության զոհը: Սովորաբար հենց նրանք էլ հանդիսանում են աղանդի ակտիվ գործող ու պատրաստակամ ուժը` անգիտակցորեն դառնալով մոլորյալ մոլորեցնողներ: Ուշագրավ փաստ է, որ բանակում աղանդավորությունն անհամեմատ հեշտությամբ է մերկացնում իր էությունը: Զորամասի հոգևոր սպասավորի հաճախակի ու մտերմիկ զրույցները, աղանդի հետևողական ազդեցությունից ու մշտական վերահսկողությունից զերծ լինելը, առավել ազատ ու անկաշկանդ մտածելու հնարավորությունը, ինչպես նաև հայրենիքին ծառայությունն իր բոլոր դրական հատկանիշներով խթանում են աղանդի կողմից հրամցված տեղեկատվությունն անվերապահորեն «բացարձակ ճշմարտություն» ընդունելու կարծրատիպի փլուզմանը: Աստիճանաբար հասունանում է ինֆորմացիան ոչ միակողմանիորեն վերլուծելու մտածողությունը: Արդյունքնում հասկանալի է դառնում, որ աղանդի մեխանիզմը, հանուն ինքնանպատակության, վարագույր է քաշում ճշմարտության և կեղծիքի միջև` մարդուն մեկուսացնելով իրականությունից: Աղանդավորությունից Մայր Եկեղեցի դարձի այս ճանապարհն անցնում են նախկինում աղանդավորական օտարածին գաղափարներով հրապուրված գրեթե բոլոր զինծառայողները` վկայելով, որ հայրենասիրությունն ու աղանդավորությունն անհամատեղելի ու հակոտնյա երևույթներ են: Դարձ ապրած զինծառայողներն էլ հաճախ դառնում են զորամասի հոգևոր սպասավորի ամենաեռանդուն գործակիցներն ու աջակիցները` նպաստելով զորամասում հոգևոր կյանքի առավել արդյունավետ կազմակերպմանը: ՀՀ ՊՆ N զորամասի հոգևոր սպասավոր` Ժորա սրկ. Սարգսյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր