211652_close_icon
views-count4408 դիտում article-date 12:20 25-03-2015

Հայտնի են ԵՊՀ-ում պայթուցիկ սարքի մասին սուտ հաղորդում տված անձինք. ԱԱԾ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզաբանվել են Երևանի պետական համալսարանի մասնաշենքում պայթուցիկ սարքի տեղադրման վերաբերյալ ս.թ մարտի 19-ին և 20-ին Երևանի տարբեր քարտֆոններից ոստիկանության 1-02 ծառայությանը սուտ հաղորդումներ տված անձինք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից: Պարզվել է, որ մարտի 19-ին, անձնական խնդիրները լուծելու նպատակով ահաբեկչության մասին կեղծ ահազանգը տվել է Երևանի պետհամալսարանի ուսանող, անբավարար առաջադիմության պատճառով հեռացման ներկայացված, Երևանի բնակիչ Արամ Հայրյանը: Վերջինիս խնդրանքով մարտի 20-ին ահաբեկչության մասին սուտ երկու հաղորդում է տվել Արթիկ քաղաքի բնակիչ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Սուսաննա Մնացականյանը: Ահաբեկչության մասին սուտ հաղորդումներ տալու փաստերով հարուցված քրեական գործի քննությունը վարում է ՀՀ Քննչական կոմիտեն: Արամ Հայրյանը ձերբակալված է, իսկ Սուսաննա Մնացականյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Ավելի վաղ ֆոտոլրագրող [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/19/46674/]Գ. Շամշյանը հայտնել էր[/url], որ ահազանգ է ստացվել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Ալեք Մանուկյան 1 հասցեում՝ ԵՊՀ-ի Ֆիզիկայի ֆակուլտետում, ռումբ կա: Համալսարան էին ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները, որպեսզի պարզեին՝ ահազանգը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Ավելի ուշ պարզվել էր, որ ահազանգը կեղծ է. ֆիզիկայի ֆակուլտետի շենքում ռումբ չէր հայտնաբերվել:

Նմանատիպ նյութեր