912 դիտում
19:32 16-03-2015
Կլոր-սեղան քննարկում՝ ՀՀ օրենքի նախագծի շուրջ
Ծաղկաձորում մարտի 13-14–ը տեղի է ունեցել կլոր-սեղան քննարկում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի շուրջ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ և վերաքննիչ դատարանների դատավորներ, ՀՀ արդարադատության նախարարության, Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ՀՀ Դատական դեպարտամենտի, ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչներ և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոսներ:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումն ու շնորհակալություն հայտնել եվրոպացի գործընկերներին և նախագծի լրամշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի անդամներին:
Նախարարի առաջին տեղակալը նշել է, որ օրենսգրքում փոփոխություն կատարելու համար հիմք են հանդիսացել Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և դրանից բխող միջոցառումների ցանկը, որոնք ուղղված են արդյունավետ դատական քննության իրավունքի ապահովմանը, ինչպես նաև կողմերի իրավունքների հավասարակշռմանը:
«Այս օրենսգիրքն ամբողջությամբ լրամշակվում է` նկատի ունենալով մի շարք որդեգրած հիմնարար ուղղություններ, մասնավորապես՝ այլընտրանքային վեճերի խթանում, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավում»,- ասել է Արսեն Մկրտչյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են օրենսգրքում տեղ գտած որոշ դրույթներ, որոնք մասնավորապես՝ վերաբերել են փորձաքննության անցկացման կարգին, լրացուցիչ և կրկնակի փորձաքննություններին, դատական ծանուցման կարգին և այլ հարցերի:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի խոսքով՝ որպես դրական քայլ կարելի է արձանագրել այն փաստը, որ այս աշխատանքների միջոցով ուժեղացվում է դատական նիստի նախապատրաստական աշխատանքները, մեծանում է դատավորի պատասխանատվությունը: «Արդյունքում, մինչև դատական քննության անցնելը, բոլոր հարցերն ու խնդիրները կարգավորված կլինեն, և դատաքննության ընթացքում որևէ այլ խոչընդոտներ չեն առաջանա»,- ասել է Երվանդ Խունդկարյանը՝ կարևորելով նաև ապացուցման բեռի բաշխման հետ կապված մանրամասն կանոնակարգումները:
ՀՀ արդարադատության նախարարության, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի նպատակն է ամրապնդել Հայաստանի արդարադատության համակարգի անկախությունը, պրոֆեսիոնալիզմը և հաշվետվողականությունը:
Նմանատիպ նյութեր
1131 դիտում
15:36 17-11-2014
Կլոր սեղան-քննարկում ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի նախագծի շուրջ
928 դիտում
11:16 29-06-2015
Կլոր սեղան-քննարկում` Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների օրենսգրքի նախագծի շուրջ
Այս բաժնից
2227 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
685 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
634 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի