211652_close_icon
views-count1290 դիտում article-date 09:27 03-03-2015

Ընդունենք, որ ՀԱԿ-ից դուրս Հայաստանում ընդդիմություն չկա. Առավոտ. խմբագրական

«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Կիրակի օրը հնչեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական ելույթը: Ելույթի հիմնական թեման, իհարկե, ուղերձներն էին, որոնց հասցեատերերը Տեր-Պետրոսյանի հետ անհամաձայնություններ ունեցող ընդդիմադիրներն են: «Դավալուից ցախավելը հեծած (ուղերձ՝ Արամ Զավենի Սարգսյանին-Ա. Ա.), 1+1 քայլերգը շուրթերին (Նիկոլ Փաշինյանին-Ա. Ա.). Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ հասնել Ազատության հրապարակ («Ազատ դեմոկրատներին» և Հայրիկյանին-Ա. Ա.), ինքնահռչակվել որպես նոր բևեռ և ստորագրել Քաղաքացիական պայմանագիրը (դարձյալ Նիկոլ Փաշինյանին-Ա. Ա.) և շարժվելով դեպի Բաղրամյան 26՝ կյանքի կոչել 100-ամյակն առանց ռեժիմի կարգախոսը [Ժիրայր Սեֆիլյանին-Ա. Ա.]: Սա Բեռլինի գրավումից ավելի հանճարեղ պլան է»,- նշել է առաջին նախագահը: Ասված է սրամիտ, կծու սարկազմով: Բայց՝ ընդունենք, որ առաջին նախագահի հեգնանքն ամբողջությամբ տեղին է, ՀԱԿ-ից դուրս Հայաստանում ընդդիմություն չկա, և բացի Կոնգրեսի անդամներից՝ բոլոր մնացած ընդդիմադիրների ասածները անհեթեթություններ են: Ո՞րն է հապա ՀԱԿ-ի «հանճարեղ պլանը»: 2008 թվականի ընտրություններից հետո ոչ մի ծրագիր չկար մինչև 2011 թվականի աշունը, որից հետո ծրագիրը՝ ծնվեց: Դրա էությունը հետևյալն էր՝ օլիգարխիայի մի մասին տապալել օլիգարխիայի մյուս մասի միջոցով: Այդ պլանը, իմ կարծիքով, նույնքան անհեթեթ էր, որքան Դավալուից ցախավելով թռչելը: Ձախողվելու դեպքում (ինչն ավելի հավանական էր)դա կբերեր իշխանության դիրքերի ամրապնդման և քաղաքական ռեժիմի կարծրացման: Հաջողելու դեպքում (որը պակաս հավանական էր) դա պիտի բերեր մի օլիգարխիկ խմբի՝ մյուսով փոխարինմանը՝ նույն մտավոր և բարոյական որակներով: Այդ դեպքում նույնպես ավազակապետությունը ինչպես կար, այդպես էլ կմնար իր տեղում: Մարդափոխությունը իշխանափոխություն չէ»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր