Կիևն ու Թբիլիսին չպետք է վիճեն Սաակաշվիլիի պատճառով. Վրաստանի նախագահ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անդրադարձել է Սաակաշվիլիին Վրաստանին արտահանձնելու վերաբերյալ Կիևին մերժմանը և դրա շուրջ ծագած սկանդալին՝ նշելով, որ երկու երկրների միջև չպետք է հարաբերությունները փչանան դրա պատճառով:
«Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում Մարգվելաշվիլին ասել է. «Ուկրաինայի կառավարությունը ստացել է Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների մանդատ, իսկ մենք ունենք ուկրաինացի ժողովրդի հանդեպ աջակցություն և մեծ սեր ցուցաբերելու մեր ժողովրդից ստացած մանդատը, և ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ չպետք է փչացնեն այդ ամենը»:
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Վրաստանի գլխավոր դատախաությունը դիմել է Ուկրաինայի կառավարությանը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիին Վրաստանին արտահանձնելու խնդրանքով, սակայն ստացել մերժում: Այժմ Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահի խորհրդականն է, իսկ Ադեիշվիլին՝ Ուկրաինայի արդարադատության նախարարի առաջին տեղակալը: