Տեառնընդառաջի տոնը՝ Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում. լուսանկարներ
Վիրահայոց թեմում մեծ շուքով և հանդիսավորությամբ նշվեց Տեառնընդառաջի տոնը, որը բովանդակում է Մարիամ Աստվածածնի կողմից 40-օրական Հիսուսին Տաճարին ընծայելու խորհուրդը: Տոնակատարութունը սկսվեց Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարված նախատոնակով:
Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Անդաստանի արարողություն, օրհնվեցին աշխարհի չորս կողմերը և մոմերը, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Եկեղեցում էին գտնվում այն ամուսնական զույգերը, որոնք այս Սուրբ տաճարում պսակադրվել էին անցած մեկ տարվա ընթացքում:
Եկեղեցու մերձակա տարածքում հատուկ կազմակերպված բեմահարթակից հավաքված հոծ բազմությանը ողջույնի խոսքով դիմեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Թեմի մշակույթի բաժինը կազմակերպել էր ճոխ համերգ: Վառվեց խարույկը, որը կրկնապատկեց տոնական տրամադրությունը: Մինչև ուշ երեկո ընթացող տոնակատարության, ուրախ երգի ու պարի հիասքանչ ավարտ դարձավ գեղեցիկ հրավառությունը:
Փետրվարի 14-ին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Տեառնընդառաջի տոնի կապակցությամբ տրվեց տոնական Սուրբ Պատարագ:
Տեառնընդառաջի տոնը մեծ շուքով նշվեց Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի, Բաթումի և Վիրահայոց թեմի մյուս եկեղեցիներում: