Քննարկվել են հայ-վիետնամական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցերը
Փետրվարի 9-ին Վիետնամում Հայաստանի դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպում ունեցավ այդ երկրի առևտրի և արդյունաբերության ոլորտի մի խումբ պաշտոնյաների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման սկզբում դեսպան Վարդանյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսության ներկայիս իրավիճակը՝ մատնանշելով համագործակցության համար առավել հեռանկարային ոլորտները:
Վիետնամական կողմը բարձր գնահատեց տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները՝ պատրաստակամություն հայտնելով հարաբերությունները բարձր մակարդակի հասցնելու վերաբերյալ: Հատկապես ընդգծվեց հետաքրքրությունը տուրիզմի, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի և հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության հաստատման մեջ:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակում ՀՀ և ՎՍՀ կառավարությունների միջև տնտեսական, առևտրական, գիտական և տեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագրով նախատեսված հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման, երկու երկրների գործարար շրջանակների համագործակցության խթանման, պաշտոնական պատվիրակությունների փոխայցելությունների հարցերի շուրջ: