211652_close_icon
views-count815 դիտում article-date 18:14 07-02-2015

Սփյուռքի նախարարն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Շնորհավորելով ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպանին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ ներկայումս բարձր մակարդակի վրա գտնվող հայ-չինական հարաբերությունները նրա պաշտոնավարման ժամանակ ավելի կզարգանան: Նախարարը կարևորեց նաև հայ-չինական տնտեսական կապերի ակտիվացումը: Հ.Հակոբյանը դեսպանին տեղեկացրեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը ստեղծելիս ուսումնասիրվել է նաև Չինաստանի պետության փորձը սփյուռքի հետ համագործակցելու բնագավառում: Դեսպանի խնդրանքով նախարարը հանգամանորեն ներկայացրեց գերատեսչության գործունեությունը, գործառույթները, ամենամյա ծրագրերը, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման միտումները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հրապարակած համահայկական հռչակագրի քաղաքական, ազգային, բարոյական ասպեկտները: Նախարարը շեշտեց, որ ակնկալում են Չինաստանից բարձր մակարդակի պատվիրակության ժամանում «Մարդկությունն ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առանցքային միջոցառումներին ներկա լինելու համար: Անդրադառնալով Չինաստանում սովորող հայ երիտասարդների հաջողություններին ու Նանջինգում գործող հայ ուսանողների միությանը՝ նախարարը կարևորեց հայ և չին երիտասարդների համագործակցությունը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Թիան Էրլունին ասաց. «Հայաստանը հետաքրքիր է այն առումով, որ ինչպես և Չինաստանը, հնագույն պատմություն և ավանդույթներ ունեցող երկիր է և մեծ սփյուռք ունի: Չինական սփյուռքը 50-60 միլիոն է և հիմնականում բնակվում է զարգացած երկրներում՝ ԱՄՆ-ում և արևմտյան Եվրոպայում: Մեծ համայնքներ կան Ինդոնեզիայում և Մալազիայում, որոնք կազմում են բնակչության 20-30 տոկոսը»: Դեսպանը ներկայացրեց նաև Չինաստանում սփյուռքի հետ աշխատող պետական կառույցի գործառույթները: Նա նշեց, որ ՉԺՀ-ում սփյուռքի հարցերով զբաղվում է կառավարությանն առընթեր գրասենյակը, որը նախարարությանը համարժեք միավոր է և ստորաբաժանումներ ունի երկրի բոլոր քաղաքներում: Չինաստանում մշակվել են սփյուռքի ներկայացուցիչների իրավունքներն ու շահերը պաշտպանող օրենքներ, որոշումներ, իրավական ակտեր, որոնք էլ դեսպանը պատրաստակամություն հայտնեց փոխանցել ՀՀ սփյուռքի նախարարությանը: Քննարկվեցին նաև հետագա համագործակցության այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր