Առաջարկվել է Արմավիրի դպրոցներում ստեղծել ցեղասպանությանը նվիրված անկյուններ
ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հերթական խորհրդակցությունը` մասնակցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի:
Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը դպրոցների տնօրենների ուշադրությունը հրավիրեց կրթօջախներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները հավուր պատշաճի իրականացնելու վրա:
Առաջարկվեց նաև դպրոցներում ստեղծել Հայոց մեծ եղեռնին նվիրված առանձին անկյուններ:
Նա տնօրեններին հորդորեց շարունակել ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել աշակերտների բացակայության հարցը` դրանից բխող հետևանքներից խուսափելու համար: Կարևորվեց նաև զինվորական պատրաստության դասասենյակների համար գույքային ապահովումը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաև որպես լրացուցիչ կրթական ծառայություն հանրակրթական դպրոցներում շախմատի խմբակների ստեղծման հարցին և տեղեկացվեց, որ այդ իսկ նպատակով արդեն տպագրվել է «Շախմատ 5-9» ուսումնական ձեռնարկը, հայտնում է Արմավիրի մարզպետարանի լրատվական ծառայությունը: