Չինաստանում ժանտախտից ևս մեկ պանդա է մահացել
                        Չինաստանում՝ Հազվադեպ կենդանիների պահպանության և հետազոտության կենտրոնում, ժանտախտից արդեն 3-րդ՝ Սին Սին մականունով պանդան է մահացել: Նա 9  տարեկան էր:
Ժանտախտի տարածումը սկսվել է դեռևս անցյալ տարվա վերջին: Դեկտեմբերի 9-ին առաջինը մահացել է Չեն Չեն անունով պանդան, իսկ հունվարի 4-ին՝ Դա Բաո պանդան: 
Լրատվամիջոցները հայտնել են, որ ներկայումս երկու արջեր վարակված են: Նրանց փրկելու համար  աշխատում են մասնագետներն ու բժիշկները:
Կենտրոնում եղել է 25 առողջ պանդա: Համաճարակի տարածումից հետո նրանցից 18 առողջները տեղափոխվել են այլ կենտրոններ: 
Հետազոտական կենտրոնի մասնագետները հայտնել են, որ համաճարակի նման չափերով տարածումը աննախադեպ է 90-ական թվականներից ի վեր: Հիվանդության սկզբում արջերի մոտ այն հայտնաբերելը դժվար է, քանի որ հիվանդությունը  չի արտահայտվում և ախտանշաններ չեն հայտնվում: 
Չինաստանում բնական միջավայրում ներկայումս ապրում է մոտ 1600 մեծ պանդա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

