211652_close_icon
views-count19721 դիտում article-date 16:29 18-01-2015

Վայքի քաղաքապետի թեկնածու Արագած Սաղաթելյանը զարմացած է, թե ինչու մրցակից չունի

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում այսօր՝ հունվարի 18-ին, քաղաքապետի արտահերթ ընտրություններ են: Ինչպես Վայքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընտրատեղամասերում չկա լարվածություն, իսկ վայքեցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, թե միակ թեկնածուն Արագած Սաղաթելյանն է, ով չունի մրցակից: Քաղաքապետի թեկնածու Ա. Սաղաթելյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում զարմացել էր՝ ասելով. «Հայաստանում կան բազմաթիվ կուսակցություններ, իսկ թե ինչու այդ կուսակցությունները թեկնածու չառաջադրեցին, պատասխանը չունեմ: Միակ նպատակս է, որ ընտրվելուց հետո կարողանամ Վայքը դարձնել աշխատատեղերով հարուստ քաղաք, որպեսզի վայքեցին մոռանա արտերկրում աշխատանք որոնելու մասին»: Թեկնածուն հայտնեց նաեւ, որ ինքը ջերմ հարաբերությունների մեջ է Վայոց ձորի ներկայիս մարզպետ՝ Վայքի նախկին քաղաքապետ Հարություն Սարգսյանի եւ Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Արսենյանի հետ: Իսկ արդյո՞ք ժողովուրդը գոհ կլինի իր աշխատանքից, քան նախկին քաղաքապետի, թեկնածուն չկարողացավ այդ հարցի պատասխանը գտնել: Քաղաքապետի թեկնածուի բացառիկ հարցազրույցը տեսանյութով կներկայացնենք քիչ ուշ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր