Տավուշցիներն ապացուցեցին, որ համախմբված են, երբ հակառակորդը փորձում էր խաթարել մեր խաղաղությունը. Հովիկ Աբովյան
ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է.
«Անցավ ևս մեկ տարի՝ հետաքրքիր, լեցուն իրադարձություններով, նախաձեռնություններով, նաև դժվարություններով: Ինչպես միշտ, տավուշցիներն ապացուցեցին իրենց տոկունությունն ու համախմբվածությունը, երբ հակառակորդը փորձում էր խաթարել մեր բնակավայրերի խաղաղությունը:
2014 թվականին հիմք դրվեց կարևորագույն մի ծրագրի. ՀՀ կառավարության կողմից հարկային արտոնություններ սահմանվեցին սահմանամերձ 24 համայնքների համար, որ իր դրական ներգործությունը կունենա մարզի տնտեսության զարգացման ու սոցիալական վիճակի բարելավման վրա:
Անցնող տարում իր առաջին ուսանողներին ընդունեց Դիլիջանի միջազգային դպրոցը: Կրթօջախ, որ դառնալու է Տավուշի մարզի այցեքարտերից մեկը: Իսկապես, դեպի հեռուն տանող նախագծերը շատ են, միայն պետք են մեր համատեղ ջանք ու եռանդը ներդնենք դրանք իրականություն դարձնելու համար:
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում եմ բոլորիս առողջություն, հաջողություն: Թող 2015 թվականը լինի բարեբեր տարի և երջանկությունը թևածի բոլորիս ընտանիքներում»: