211652_close_icon
views-count646 դիտում article-date 16:38 28-12-2014

ՀՀ-ի եւ Հնդկաստանի միջեւ գիտակրթական գործակցության հեռանկարներ կան. Արմեն Աշոտյան

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր մեկնարկել է «Հնդկաստանն իմ պատկերացումներով» նկարչության և շարադրության մրցույթի եզրափակիչ փուլը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի միջև ստորագրված հուշագրի շրջանակում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն: Նախարար Ա. Աշոտյանն իր խոսքում, ողջունելով մասնակից հայ դպրոցականներին, ընդգծել է, որ մրցույթին մասնակցելու հնարավորություն են ունեցել հանրապետության բոլոր դպրոցները, իսկ եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք են ստացել ավելի քան երկու հարյուր աշակերտ: Արմեն Աշոտյանը, կարևորելով դարերի պատմություն ունեցող հայ-հնդկական կրթամշակութային կապերը, նշել է, որ այսօր ևս նախարարության և դեսպանատան սերտ աշխատանքի արդյունքում գիտակրթական ոլորտում համագործակցության լուրջ հեռանկարներ են առկա: Նշենք, որ «Հնդկաստանն իմ պատկերացումներով» թեմայով նկարչության և շարադրության մրցույթը կազմակերպվել է 12-14 և 15-17 տարիքային խմբերի դպրոցականների համար: Եվ նկարչության, և շարադրության մրցույթի յուրաքանչյուր տարիքային խմբի համար նախատեսված են մրցանակային 3 տեղեր: 1-ին տեղի 4 մրցանակակիրները Ֆրանկֆուրտի տարածաշրջանային տուրիզմի գրասենյակի և Հնդկաստանի տուրիզմի և մշակույթի նախարարության կողմից կստանան մեկշաբաթյա անվճար ուղևորության տոմսեր դեպի Հնդկաստան: Բոլոր հաղթողներն ու նրանց ծնողները կհրավիրվեն Հնդկաստանի ազգային տոնին (անկախության օրվա) նվիրված միջոցառմանը (26 հունվար, 2015թ.), որի ընթացքում էլ հաղթողները կստանան իրենց մրցանակները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր