Արագածոտնի մարզպետարանի եւ Միքայելյան վիրաբուժական ինստիտուտի միջեւ կստորագրվի գործակցության հուշագիր
Արագածոտնի մարզպետարանի եւ Միքայելյան վիրաբուժական ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ փետրվարի 11-ին մարզպետարանի դահլիճում կայանալու է արտագնա նիստ, որտեղ կողմերի միջեւ կստորագրվի համագործակցության հուշագիր:
Փաստաթուղթը ներառելու է ինստիտուտի լավագույն մասնագետների կողմից մարզում գիտակրթական միջոցառումների, կոնֆերանսների, սեմինարների, կլոր սեղանների կազմակերպում: Լավագույն մասնագետները պարբերաբար կայցելեն մարզի բուժհաստատություններ, հետազոտություններ, խորհրդատվություն կիրականացնեն, անհրաժեշտության դեպքում կկատարեն վիրահատություններ, իրենց մասնագիտական գիտելիքներն ու փորձը կփոխանցեն տեղի գործընկերներին:
Հուշագրում ամրագրվում է նաեւ, որ մարզի բուժաշխատողները հնարավորություն կստանան Միքայելյան վիրաբուժական ինստիտուտում անցնելու վերապատրաստման եւ ուսուցման դասընթացներ:
Համաձայն պայմանավորվածության, փետրվարի 12-ին բաց դռների օր կլինի Աշտարակի, փետրվարի 19-ին` Թալինի, փետրվարի 26-ին` Ապարանի բժշկական կենտրոններում: