Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են հայ զինծառայողի գերեվարման մասին. ԼՂՀ ՊՆ-ն հերքել է լուրը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, թե դեկտեմբերի 26-ի երեկոյան ադրբեջանական զինուժը Աղդամի ուղղությամբ հայկական դիվերսիոն խմբի ներթափանցման փորձ է կանխել:
Ադրբեջանական contact.az-ը հաղորդում է, որ իբրև թե տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ժամանակ ազերիները գերի են վերցրել հայ զինվորական Արսեն Էդուարդի Բաղդասարյանին: Բացի այդ, ադրբեջանական կողմի պնդմամբ՝ կան զոհեր:
***
14:30
ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի տարածած տեղեկատվության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասված է. «Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, իրականությանը չի համապատասխանում:
Ինչ վերաբերում է Արսեն Էդուարդի Բաղդասարյանի գերեվարմանը, ապա ՊԲ-ն իրազեկում է, որ տվյալ անձը, հանդիսանալով պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:
Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են»: