Իրանը հերքում է, որ Հովհաննես Պողոս II պապի դեմ մահափորձի հրամանը տվել է այաթոլահ Խոմեյնին
Սերբիայում Իրանի դեսպանատունը հերքել է ահաբեկիչ Մեհմեթ Ալի Աղջայի տարածած հայտարարությունն այն մասին, թե Իրանի նախկին առաջնորդ, այաթոլահ Ռուհալլահ Մուսավի Խոմեյնիի հրամանով է 1981 թվականի մայիսի 13-ին Հովհաննես Պողոս II պապի դեմ իրականացվել մահափորձը, հաղորդում է Interfax-ը:
«Իր հարուստ հոգևոր կյանքի ընթացքում իմամ Խոմեյնին բարիդրացիական հարաբերությունների մեջ է եղել Հռոմի պապի հետ»,-հայտարարել են դեսպանատան ներկայացուցիչները:
Այս շաբաթ սերբիական հեռուստաալիքին տված հարցազրույցում Աղջան կրկնել է «Ինձ դրախտ են խոստացել» գրքում զետեղված իր խոսքերն այն մասին, որ Պապի դեմ մահափորձը կատարվել է Խոմեյնիի կարգադրությամբ:
Աղջան 19 տարվա ազատազրկման դատապարտվեց Իտալիայի բանտերից մեկում, իսկ 2000 թվականին արտահանձնվեց իր հայրենիք, որտեղ մնաց անազատության մեջ մինչև 2006 թվականը: