«Էբոլա»-ով վարակվածների թիվն արդեն 18.464 է
ՄԱԿ-ի Տնտեսական հանձնաժողովն առաջարկել է վարկատուներին «Էբոլա»-ով վարակված Աֆրիկյան 3 երկրների արտաքին պարտքը չեղյալ համարել:
Տնտեսական խորհրդի քարտուղար Կարլոս Լոպեսը նշել է, որ այդ 3 պետություններում՝ Գվինեայում, Լիբերիայում, Սիերա-Լեոնեյում իրավիճակը ծայրահեղ լուրջ է, և որ այդ երկրները բավականին մեծ չափերի հասնող տնտեսական կորուստներ են կրել:
Նախօրեին Ժնևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաժողովի շրջանակներում, վարակի ախտորոշման մեթոդների բարելավմանն ուղղված քննարկում է եղել, որի ընթացքում նշվել է, որ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որ լաբորատորիաները լինեն հիվանդության օջախներին ավելի մոտ: Նշվում է նաև , որ այժմ, որպեսզի բացահայտվի հիվանդության մեկ դեպք, պահանջվում է մի քանի ժամ, երբեմն էլ՝ օրեր: Մարդիկ հաճախ ստիպված գնում են քաղաքներում տեղակայված լաբորատորիաներ, մինչդեռ, ինչպես հայտնի է, վարակի տարածման աշխարհագրությունը ավելի շատ շրջանային և գյուղական համայնքների վրա է:
Առողջապահության հանաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն, վերը նշված 3 երկրներում «Էբոլա»-ի պատճառով զոհ է գնացել 6841 մարդ, կա 18.464 վարակակիր: