211652_close_icon
views-count1017 դիտում article-date 16:45 09-12-2014

Դատապարտման շնորհիվ հնարավոր կլինի կանխարգելել ոճիրների կրկնությունը. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպայի հրեական խորհրդարանի համանախագահ Վադիմ Ռաբինովիչին և Եվրոպայի հրեական խորհրդարանի պատվիրակությանը` ուղեկցությամբ Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, տեղեկացնում է ՄԱ տեղեկատվական կենտրոնը: Ամենայն Հայոց Հայրապետը վստահություն հայտնեց, որ նրանց այցը Հայաստան կնպաստի երկու ժողովուրդների հարաբերությունների առավել սերտացմանը, ինչպես նաև արդյունավետ գործակցության խթան կհանդիսանա: Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձավ երկու ժողովուրդների ընդհանրություններին` ընդծելով, որ պատմության ընթացքում տառապանքներ են կրել, սակայն կարողացել են հաղթահարել ամեն տեսակի դժվարություն և վերականգնել նաև իրենց անկախ պետականությունը: Վեհափառ Հայրապետը կարևոր նկատեց, որ այսօր` ներկայիս աշխարհի մարտահրավերների առջև, հայ և հրեա ժողովուրդները զորակից և աջակից լինեն միմյանց և միասնաբար լուծման առաջնորդեն իրենց առջև ծառացող խնդիրները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը անդրադարձավ Հոլոքոսթին, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությանը` շեշտելով, որ միայն այդ ճանապարհով`համընդհանուր ջանքերի շնորհիվ, հնարավոր կլինի մարդկային կյանքում կանխարգելել նմանօրինակ ոճիրների կրկնությունը:

Նմանատիպ նյութեր