211652_close_icon
views-count26159 դիտում article-date 12:19 05-12-2014

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Opel-ն ու УАЗ-ը Տավուշի մարզում հայտնվել են Աղստև գետում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 104-րդ կմ հատվածում՝ Թեղուտ գյուղի վարչական տարածքում, ճանապարհի մերկասառույցի պատճառով Աղստև գետն են ընկել Հաղարծին գյուղի բնակիչ, 27-ամյա Աշոտ Մանուչարյանի վարած УАЗ 3033 մակնիշի 16 ՏՏ 455 համարանիշի և Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 28-ամյա Կարեն Հայրապետյանի վարած Opel Vectra մակնիշի 21 ՍՍ 331 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի պատճառը եղել է այն, որ ճանապարհի մերկասառույցի պատճառով Կ. Հայրապետյանը Opel-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կամրջի երկաթբետոնե հատվածին, և մինչ փորձել են ավտոմեքենան դուրս բերել վթարի վայրից, Ա. Մանուչարյանը УАЗ-ով նորից՝ մերկասառույցի պատՃառով, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Opel-ին և 2 տրասնպորտային միջոցները մոտ 6 մետր բարձրությունից ընկել են գետը: Վթարի հետևանքով УАЗ-ի վարորդ Ա. Մանուչարյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի Գոռ Բաբինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն: Նրանց գետից դուրս են բերել Opel-ի վարորդն ու գյուղացիները, և օպերատիվարեն վթարի վայր ժամանած շտապ օգնության բրիգադը նրանց տեղափոխել է հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ տեսուչ Մայիս Ծովյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ Դիլիջանի ոստիկանապետ Արամ Ղազարյանի և անձնակազմի գծով փոխոստիկանապետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ: Վթարի մասին տեղեկացվել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ առաջին իսկ պահից վթարի վայրում է գտնվում Թեղուտ համայնքի ղեկավար Արարատ Թամրազյանը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները, տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր