Պուտինը հայտարարել է «Հարավային հոսք» նախագիծը դադարեցնելու մասին
Ռուսաստանը նման պայմաններում չի կարող շարունակել իրագործել այս նախագիծը, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կատարած այցի ընթացքում և հայտարարել, որ դադարեցնում է նախագծի իրագործումը:
Նա գազատարի շինարարության հարցում Եվրամիության որդեգրած քաղաքականությունն անվանել է ոչ կառուցողական:
«Հաշվի առնելով այն փաստը, որ մենք մինչ օրս չենք ստացել Բուլղարիայի թույլտվությունը, գտնում ենք, որ Ռուսաստանն այսպիսի պայմաններում չի կարող շարունակել նշված նախագծի իրագործումը: Կարծում ենք նաև, որ այն չի համապատասխանում Եվրոպայի տնտեսական շահերին և վնասում է մեր համագործակցությանը»,-ասել է Պուտինը:
Նա հավելել է, որ «Հարավային հոսք»-ի դադարեցման պատճառով Բուլղարիան տարեկան կորցնելու է առնվազն 400 մլն եվրո, իսկ «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը նշել է, որ նախագծին վերադարձ չի լինի: «Հարցն այլևս քննարկման ենթակա չէ»,-ասել է Միլլերը:
«Հարավային հոսք» գազատարը, ըստ ծրագրի, պետք է Սև ծովի տակով անցներ դեպի Հարավային և Կենտրոնական Եվրոպայի երկրներ: