211652_close_icon
views-count1331 դիտում article-date 21:01 29-11-2014

Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվեց Սուրբ Գեղարդի ուխտի օր

Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Հայոց աշխարհի առաջին Լուսավորիչների տոնի առիթով Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը: Ս. Պատարագի ընթացքում Հայրապետական հանդիսավոր թափորով Մայր Տաճար բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը և Մայր Աթոռ ժամանած ուխտավորներին հնարավորություն ընձեռվեց համբուրելու հրաշագործ Սուրբ Գեղարդը և ստանալու նրանից բաշխվող օրհնությունը: Այս կապակցությամբ Մայր Աթոռի ՔԴԿ կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն ընթերցեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակը, որով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվեց Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այսուհետև, ամեն տարի նշյալ տոնին, ուխտավորների երկրպագության համար Մայր Տաճար կբերվի Սուրբ Գեղարդը: Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստվածամուխ սուրբ Գեղարդով և «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին:

Նմանատիպ նյութեր