1124 դիտում
14:35 27-11-2014
Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Նոյեմբերի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Առաջին Լուսավորիչների բերկրառատ տոնին Մայր Տաճարում, ժամը 10.30-ին կմատուցվի սուրբ և անմահ Պատարագ:
Այս առիթով Մայր Տաճար կբերվի Սուրբ Գեղարդը, որով հնարավորություն կընձեռվի ուխտավորներին երկրպագելու և հրաշագործ Սուրբ Գեղարդից ստանալու բաշխվող օրհնությունն ու շնորհները: Ս. Գեղարդը Միածնաէջ Տաճարում կմնա մինչև նույն օրվա երեկոն:
Ի գոհացումն բարեպաշտ հայորդիների ու օտարազգի ուխտավորների, Ս. Պատարագի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը կհռչակվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:
***
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ սրբություններից ու մասունքերից մեկն Աստվածամուխ Սուրբ Գեղարդն է, որով նաև օրհնվում է Հայոց Եկեղեցու Սրբալույս Մյուռոնը:
Աստվածամուխ Սուրբ Գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զինվորը խաչի վրա խոցեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Այդ մասին Ս. Ավետարանը վկայում է. «Երբ եկան Հիսուսի մոտ և տեսան, որ նա արդեն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին, այլ զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողերը, և իսկույն արյուն և ջուր ելավ» (Հռոմ. 19:33-34):
Ըստ եկեղեցական ավանդության, Տերունի այս սրբությունն առաջին դարում Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտներից Ս. Թադեոս առաքյալը: Համաքրիստոնեական այդ սրբությունը դարեր շարունակ պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում, իսկ 13-րդ դարից` Այրիվանքում, որը հետագայում ի պատիվ Ս. Գեղարդի վերանվանվել է Գեղարդավանք:
18-րդ դարի երկրորդ կեսին Ս. Գեղարդը բերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և մինչ օրս պահվում է համայն հայության հոգևոր կենտրոնում:
Համաձայն պատմական տեղեկությունների, Աստվածամուխ Ս. Գեղարդն իր հրաշագործ զորությամբ փարատել է հոգեկան ու մարմնական հիվանդություններ: Եվ այդ նպատակով 18-19-րդ դդ. ընթացքում այն մի քանի անգամ տարվել է Հայաստանի տարբեր գավառներ, ինչպես նաև ուղարկվել է Թբիլիսի (Վրաստան):
Նմանատիպ նյութեր
1508 դիտում
16:47 03-12-2022
Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը
1072 դիտում
21:27 29-11-2024
Կատարվել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը
3792 դիտում
13:53 03-04-2020
Ծաղկազարդի տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Այս բաժնից
982 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1087 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1270 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ