211652_close_icon
views-count997 դիտում article-date 14:46 19-11-2014

Կառավարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համար 350 մլն դրամ է հատկացրել «Հայաստան» հիմնադրամին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքն ապահովելու նպատակով կառավարությունը 350 մլն դրամ է հատկացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Կառավարությունը քննարկել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Մասնավորապես, առաջարկվում է ԱԺ-ում կազմավորել փորձագետների աշխատանքային խումբ՝ բյուջետային գրասենյակ: Կառավարությունն իր հերթին արել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրինագծերի փաթեթը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի տեղեկացմամբ ԱԺ նախագահը և փաթեթի մյուս հեղինակներն ընդունելի են համարում կառավարության առաջարկները: ՀՀ կառավարությունը քննարկել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նպատակը տնտեսական խախտումների ապաքրեականացումն է: Կառավարության եզրակացության համաձայն փաթեթի անհրաժեշտությունը բավարար հիմնավորված չէ, ուստի գործադիրը դեմ է դրա ընդունմանը: Օրինագծերի փաթեթները և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: Հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը որոշել է ստեղծել երկրում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու: Հաջորդ որոշման կիրառմամբ առավել կանոնակարգված ու արդյունավետ կիրականացվի հափշտակված, կորած և (կամ) հայտնաբերված զենքի և ռազմամթերքի հաշվառման և տեղեկության տրամադրման գործընթացը: Կառավարության որոշմամբ պետբյուջեից գումար է հատկացվել տեղական ինքնակառավարման մարմիններում ս.թ. դեկտեմբերի 14-ին տեղի ունենալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար: Նիստում Երևանի «Ռիխտեր-Լամբրոն» ՀՁՍՊԸ-ին տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր: Նիստի օրակարգում ընդգրկված «Պետական գույքն օտարելու մասին» որոշման նախագիծը, ըստ որի Երևանի Կիևյան 2-րդ նրբանցքի N 18 հասցեում գտնվող ավելի քան 450 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 0,04095 հա հողամասն օտարվելու էր դասական աճուրդով, վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով օրակարգից հանվել է լրացուցիչ քննարկման նպատակով և նշված վայրում բնակվողների շահերը հաշվի առնելու պատճառաբանությամբ: Գործադիրն հաստատել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գագիկ Գալստյանի ընտրության արդյունքը: Կառավարության որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Արմեն Գալստյանը, ում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարությունը նախապատվություն է տվել կառավարության ներկայացրած երեք թեկնածուներից, 2014թ. դեկտեմբերի 1-ից մեկ տարի ժամկետով գործուղվել է ՄԻԵԴ: Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը կառավարության անդամներին հրավիրել է Եռաբլուր՝ մասնակցելու հայ ազգային ազատագրական պայքարի նվիրյալ Սեպուհի՝ Արշակ Ներսիսյանի, աճյունասափորը հողին հանձնելու արարողությանը, որը տեղի է ունենալու ս.թ. նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին:

Նմանատիպ նյութեր