1085 դիտում
14:30 05-03-2015
Գործադիրը մի շարք օրենսդրական նախաձեռնություններ է քննարկել
ՀՀ կառավարությունը քննության է առել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել՝ դրանով իսկ ապահովելով համակարգային և միասնական իրավակարգավորում: Նշված փոփոխությամբ կապահովվի իրավական որոշակիության սկզբունքի իրականացումը՝ բացառելով հղումն այնպիսի նորմերի, որոնց գործողությունն արդեն դադարել է: Կառավարությունն իր եզրակացության մեջ նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել:
ՀՀ կառավարությունը քննարկել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Հեղինակների կարծիքով օրենքի ընդունմամբ կկարգավորվեն կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, ոլորտները և իրավական հիմքերը, հաշվի առնելով, որ կամավոր աշխատանքը կամավորների կողմից պետության, հասարակության ոչ առևտրային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց համար օգնություն ցուցաբերելու նպատակով կատարվող հանրօգուտ, անհատույց, առանց վարձատրության աշխատանքն է: Կառավարությունը, կարևորելով կամավոր աշխատանքի դերն ու նշանակությունը և ողջունելով պատգամավորների նպատակադրումը, հանգել է այն եզրակացության, որ կամավոր աշխատանքի օրենսդրական կարգավորումը պետք է իրականացվի փուլ առ փուլ:
Նիստում քննարկվել է «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք իրենց նախաձեռնությունը պայմանավորել են ՀՀ սահմանադրական դատարանի ս.թ. հունվարի 27-ի որոշման պահանջներն օրենքում իրացնելու անհրաժեշտությամբ, այն է՝ երաշխավորել հարգելի պատճառով սնանկության գործով պահանջ չներկայացրած պարտատիրոջ իրավունքների իրականացման հնարավորությունը՝ ապահովելով յուրաքանչյուրի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: Կառավարության եզրակացության համաձայն օրինագծում կան հստակեցման և լրացուցիչ կարգավորման ենթակա դրույթներ: Բացի այդ, ՀՀ արդարադատության նախարարությունը մշակում է Սնանկության ոլորտի իրավական բարելավման հայեցակարգը, որն ընդունելու դեպքում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կկատարվեն «Սնանկության մասին» օրենքում:
Գործադիրը քննության է առել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նույնպես ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունն է: Առաջարկվում է հստակեցնել իրավական որոշակիության սկզբունքով վարչական իրավախախտման տեսակների և դրանց համար նախատեսված պատասխանատվության ժամկետները և ապահովել իրավակիրառական պրակտիկայի միասնականությունը: Կառավարությունը մի շարք առաջարկներ է արել, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Կառավարությունը քննարկել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որպեսզի այն դեպքերը, երբ դատարանը գտնում է, որ իր կողմից կիրառվելիք նորմը հակասահմանադրական է, ՀՀ սահմանադրական դատարան դիմելը սահմանվի որպես պարտականություն: Այս օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Այս դեպքում ևս գործադիրն հանդես է եկել մի շարք առաջարկություններով, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի պատգամավորների նախագիծը:
Պատասխանելով վարչապետի հարցին, թե Ազգային ժողովի պատգամավորների հետ քննարկվո՞ւմ է արդյոք օրենսդրական նախաձեռնությունների ընթացքը, ՀՀ արդարադատության նախարարն հավաստիացրել է, որ օրենքի նախագծերի քննարկման ընթացակարգերի համաձայն բոլոր փուլերում նախարարությունն աշխատում է օրենսդրական նախաձեռնությունների հեղինակների հետ:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Նմանատիպ նյութեր
1089 դիտում
15:59 06-11-2014
Գործադիրը հավանության է արժանացրել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
799 դիտում
18:20 23-05-2023
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
964 դիտում
19:21 11-01-2024
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Այս բաժնից
667 դիտում
19:37 14-11-2024
ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ
457 դիտում
19:24 14-11-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը
706 դիտում
19:11 14-11-2024
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կառուցապատողների հետ հերթական հանդիպումը