Կանադական օդուժն առաջին հարվածներն է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին
Կանադայի ռազմաօդային ուժերն առաջին հարվածներն են հասցրել Իրաքի Էլ-Ֆալլուջեհ քաղաքի մերձակայքում տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Այս մասին հայտարարել է Կանադայի Ազգային պաշտպանության նախարար Ռոբ Նիքոլսոնը:
Նա նշել է, որ CF-18 կործանիչները շուրջ 4 ժամ ռմբակոծել են ԻԼԻՊ-ի դիրքերը: Կանադան ահաբեկիչների դեմ պայքարի համար Մերձավոր Արևելք է ուղարկել 6 կործանիչ, 2 հետախուզական ինքնաթիռ և 1 լիցքավորող-ինքնաթիռ: Նշված տարածաշրջանում տեղակայված է Կանադայի ռազմական ուժերի 600 զինվոր:
Կանադայի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ կանադացի զինվորները հնարավոր է մասնակցեն նաև ցամաքային գործողություններին: