Մեր «բարի» մտադրությունները Հայաստանն անպատասխան թողեց. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին Ֆրանսիայում Միջազգային հարաբերությունների ինստիտուտում իր ելույթի ժամանակ՝ հայտարարելով, թե Թուրքիան տասնամյակներ շարունակ պայքարում է 1915 թվականի հետ կապված «անարդար» մեղադրանքների դեմ:
Նրա խոսքով՝ Թուրքիան առաջարկել է չքաղաքականացնել Հայոց ցեղասպանության հարցը, սակայն «Հայաստանը և հայկական սփյուռքը ողջամիտ չգտնվեցին և չօգտվեցին Թուրքիայում բացված միլիոնավոր արխիվներից»:
Էրդողանը նաև հայտարարել է, թե Թուրքիան միշտ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու նպատակով ձեռք է մեկնել Հայաստանին, սակայն Հայաստանը հրաժարվել է:
«Ցավոք, մեր բարի մտադրությունները պատասխան չգտան: Մենք շարունակելու ենք բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի աշխարհն իմանա իրական ճշմարտությունը»,-հայտարարել է նա և հավելել, որ հավատում է, որ «հաջողությունը կլինի պատմական արդարության կողմից, այլ ոչ գաղափարախոսական հիմքի վրա ստեղծված ապատեղեկատվության»: